Իսրայելում ՀՀ դեսպանին մեղադրանք է առաջադրվել

Քննչական կոմիտեն հաղորդագրություն է տարածել այն մասին, որ Իսրայելում ՀՀ դեսպան  Ա.Ս.ին (դեսպանը Արմեն Սմբատյանն է) մեղադրանք է առաջադրվել։ Խոսքը գնում է մասնավորապես պատմամշակութային արժեք հանդիսացող շենքի և դրա հարակից հողամասի ապօրինի օտարման մասին։

«Քննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն՝ Իսրայելում ՀՀ դեսպան, միաժամանակ «Արտասահմանյան երկրների հետ մշակութային համագործակցության հայկական» հասարակական կազմակերպության նախագահ Ա. Ս.-ն օժանդակել է ՀՀ մշակույթի և երիտասարդության հարցերի նախկին նախարար և վերոնշյալ հասարակական կազմակերպության փոխնախագահ Հ. Պ.-ի կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ Երևան քաղաքի Աբովյան 3 հասցեում գտնվող և ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածի սահմանափակումների ցանկում ընդգրկված պատմամշակութային արժեք ներկայացնող շենքի զբաղեցրած հողամասը հասարակական կազմակերպության սեփականությունը դարձնելուն: Այնուհետև նշված հասցեում գտնվող պատմամշակութային արժեք հանդիսացող շենքը և դրա զբաղեցրած հողամասը, Հ. Պ.-ի հետ նախնական համաձայնությամբ, ձևական գործարքի արդյունքում 550.000 ԱՄՆ դոլարով վաճառել են օֆշորում՝ Բրիտանական Վիրջինյան կղզիներում գրանցված, Հ. Պ.-ի հարսին պատկանող ընկերությանը՝ օրինականացնելով հանցավոր ճանապարհով ստացված գույքը՝ խեղաթյուրելով գույքի իրական բնույթն ու ծագման աղբյուրը:

Ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ՝ Ա. Ս.-ին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) 2-րդ մասով և ՀՀ քրեական օրենսգրքի 190-րդ հոդվածի (հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելը «փողերի լվացումը») 3-րդ մասի 1-ին կետով, և նրա նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել գրավը՝ 20.000.000 ՀՀ դրամ գումարի չափով:

Նախաքննությունը շարունակվում է»,- ասվում է ՔԿ հաղորդագրության մեջ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն