ԽՍՀՄ-ի վերստեղծումն անհնարին է. Կրեմլ

Դմիտրի Պեսկովը վստահություն է հայտնել, որ ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդը հասկանում է, որ ոչ ոք չի վերադարձնի Խորհրդային Միությունը։

Անհնար է վերստեղծել Խորհրդային Միությունը. այս մասին լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը՝ մեկնաբանելով ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Վիկտորյա Նուլանդի հայտարարությունը։ Վերջինս նախօրեին հայտարարել էր, որ Վլադիմիր Պուտինը ձգտում է վերադարձնել ԽՍՀՄ-ը։

«Տիկին Նուլանդը լավ տիրապետում է ռուսական թեմաներին և հետխորհրդային տարածքի բոլոր նրբություններին, և ես համոզված եմ, որ տիկին Նուլանդը, ինչպես մենք, այնպես էլ մյուս մասնագետները, հիանալի հասկանում են, որ Խորհրդային Միության վերականգնումն անհնար է»,- ասել է Պեսկովը։

Ելույթ ունենալով ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում ՝ Նուլանդն ասել է, որ Ռուսաստանն իր ազդեցության գոտին է համարում Ուկրաինան և նախկին խորհրդային մյուս հանրապետությունները։ Միաժամանակ նա մտավախություն հայտնեց, որ ԽՍՀՄ-ի վերահաստատումից հետո ռուսական իշխանությունների «ախորժակը» չի բավարարվի, և նրանք առաջ կգնան։

Նախօրեին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Պուտինի հետ բանակցությունների ժամանակ նախազգուշացրել էր , որ ԱՄՆ-ը կավելացնի ռազմական օգնությունն Ուկրաինային` ռուսական ներխուժման դեպքում։ Բացի այդ, նա մատնանշեց «կտրուկ» պատժամիջոցները, որոնք կարող են հետևել էսկալացիայի դեպքում:

Նուլանդը խոսել է նաեւ հնարավոր հակառուսական սահմանափակումների մասին։ Մասնավորապես, նա հաստատել է, որ Միացյալ Նահանգները դիտարկում է պատժամիջոցներ սահմանելու հնարավորությունը, որոնք «ամբողջովին կկտրեն Ռուսաստանին համաշխարհային ֆինանսական համակարգից»։ Նուլանդը հավելել է, որ Ուկրաինայում ռուսական հարձակման դեպքում Վաշինգտոնը նաև հույսը դրել է Բեռլինի միջոցների վրա՝ կապված «Հյուսիսային հոսք 2»-ի հետ։

Ռուսաստանը բազմիցս հերքել է Արևմուտքի և Ուկրաինայի «ագրեսիվ գործողությունների» մեղադրանքները ՝ հայտարարելով, որ ոչ ոքի չի սպառնում և մտադիր չէ հարձակվել որևէ մեկի վրա։ «Ռուսաստանը չի պատրաստվում հարձակվել որևէ մեկի վրա. Միանգամայն սխալ է մեր երկրի տարածքով ռուսական զինված ուժերի ցանկացած տեղաշարժ կապել նման ծրագրերի հետ։ Դա այդպես չէ»,- ասել է Պեսկովը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն