Կիբերհարձակում Իրանում գազալցակայանների վրա. վառելիքի համար երկար հերթեր են գոյացել

Հարյուրավոր մասնագետներ աշխատում են անսարքությունների վերացման ուղղությամբ

Կիբերհարձակումը խափանել է Իրանում բենզալցակայանների աշխատանքը, ինչը վառելիքի համար երկար հերթեր է առաջացրել ողջ երկրում:

Իրանի պաշտոնական IRNA լրատվական գործակալության փոխանցմամբ՝ հաքերները կոտրել են Իրանի պետական ​​համակարգը, որը միացված է բենզալցակայաններին և իրանցիներին բենզինի սուբսիդիաներ է տրամադրում։

Իրանցիների մեծ մասը վառելիքի համար վճարում է այս համակարգի քարտերով։ Այժմ գազալցակայանում մատակարարման գորընթացը դադարեցվել է։

Կիբերհարձակման աղբյուրը դեռ պարզված չէ։

Իրանի նավթի փոխնախարար Ջելիլ Սալարին նշել է, որ 300 մասնագետներից բաղկացած խումբն աշխատում է` կիբերհարձակումից հետո խափանումները վերացնելու ուղղությամբ։

Գերատեսչության ներկայացուցիչը վստահեցրել է, որ մինչեւ հինգշաբթի խնդիրը լիովին լուծում կստանա, եթե ամեն ինչ ընթանա նախատեսվածի համաձայն։ Սալարին վստահեցրել է, որ չորեքշաբթի օրը մայրաքաղաքի գազալցակայանների 30 տոկոսը կվերսկսի աշխատանքը։

Միաժամանակ Իրանի պետական ​​հեռուստատեսությունն այս թեմայով իր ռեպորտաժում ընդգծում է «թշնամիների կիբերհարձակումներից» ենթակառուցվածքների ուժեղացման անհրաժեշտությունը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն