Լուկաշենկոն և Էրդողանը հեռախոսային քննարկում են ունեցել

Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թաիփ Էրդողանի հետ։ Պետությունների ղեկավարները քննարկել են երկկողմ առևտրատնտեսական հարաբերությունների վիճակը և զարգացման հարցեր։

Ավելի վաղ Անկարայում հանդիպման ժամանակ համաձայնության են եկել գերակայությունների շուրջ, մասնավորապես՝ 1,5 միլիարդ դոլար արժողությամբ ապրանքաշրջանառության ապահովման և երկկողմ ապրանքաշրջանառության ոլորտում հաշվեկշռի պահպանման շուրջ։ Մայիսի 7-ին նախագահները հաստատել են այդ ծրագրերը և պայմանավորվել են համագործակցել` մտահղացումներն իրականացնելու համար։ Ընդհանուր առմամբ՝ Լուկաշենկոն և Էրդողանը պայմանավորվել են երկկողմ հարաբերություններին մոտենալ համակարգված և մանրակրկիտ՝ դեսպանների և պատասխանատու այլ անձանց մասնակցությամբ։ Համապատասխան թեմատիկան հոկտեմբերին կդիտարկվի միջկառավարական տնտեսական հանձնաժողովի համատեղ նիստի ընթացքում։

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային օրակարգի և տարածաշրջանային հիմնախնդիրներ։ Քննարկվել են նաև հեռահաղորդակցության ոլորտի հարցեր։

Անդրադառնալով կորոնավիրուսի դեմ պայքարին՝ Բելառուսի նախագահը մատնացույց է արել իր երկրում արտադրվող սեփական պատվաստանյութը։ Վերջում՝ Էրդողանը շնորհավորել է Լուկաշենկոյին Հաղթանակի օրվա կապակցությամբ, իսկ Լուկաշենկոն թուրք գործընկերոջը՝ Ռամադանի տոնի կապակցությամբ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն