Լուկաշենկոն հրամայել է փակել Ուկրաինայի հետ սահմանը

Հուլիսի 2-ին Ալեքսանդր Լուկաշենկոն հանձնարարել է սահմանապահներին՝ ամբողջովին փակել Ուկրաինայի հետ սահմանը՝զենքի մաքսանենգ տեղափոխման պատրվակով։ Այդ մասին տեղեկացնում է ԲԵԼՏԱ տեղեկատվական գործակալությունը։

«Հսկայական քանակությամբ զենք է տեղափոխվում Ուկրաինայից Բելառուս, ուստի ես հանձնարարեցի սահմանապահ զորքին ամբողջությամբ փակել Ուկրաինայի հետ ունեցած սահմանը»,- հայտարարել է նա՝ Հանրապետության օրվա պատվին կայացած հանդիսավոր հավաքի ժամանակ:

Ի պատասխան՝ Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը բացարձակ հերքել է Բելառուսի տարածք հսկայական զենքի տեղափոխման մասին Լուկաշենկոյի մեղադրանքը։

«Մենք երբեք չենք միջամտել Բելառուսի ներքին գործերին: Մենք ապագայում ևս չենք պատրաստվում դա անել: Նույնօրինակ դիրքորոշում մենք ակնկալում ենք Մինսկից, որպեսզի հյուսիսային սահմանը մնա որպես անվտանգության տարածք»,- հայտարարել է Ուկրաինայի արտաքին գործերի նախարարության մամուլի քարտուղար Օլեգ Նիկոլենկոն։ Արտաքին գործերի նախարարության խոսնակը հավելել է, որ Ուկրաինան որպես արտաքին սպառնալիք ներկայացվող դիրքորոշումը դիտարկվում է որպես Բելառուսի բնակչությանը ներկայացվող ապատեղեկատվություն, բռնաճնշման և ահաբեկման քաղաքականություն:

Օլեգ Նիկոլենկոյի կարծիքով՝ այդ հայտարարությունները չեն կարող բաժանել Բելառուսի ժողովրդին բարեկամ Ուկրաինայի ժողովրդից և Ուկրաինա պետությունից, որը հարգում և պաշտպանում է մարդու իրավունքները։ Իր հերթին՝ Ուկրաինայի պետական սահմանապահ ծառայությունը նշել է, որ վերջին տարիներին Բելառուսը սիրում է հնչեցնել Ուկրաինայից զենքի մաքսանենգ տեղափոխման թեման, սակայն ոչ մի անգամ ապացույցներ Ուկրաինային չի ներկայացրել։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն