«Մեր երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ գնաճը խիստ մտահոգիչ է, ցավոք առաջիկայում նոր թանկացումներ նույնպես կլինեն». բիզնես խորհրդատու

Վերջին մեկ տարվա ընթացքում կորոնավիրուսային վարակով պայմանավորված, այնուհետև նաև՝ վերահաս պատերազմի հետևանքով, Հայաստանի Հանրապետությունում մարդկանց ճնշող մեծամասնության եկամուտները գրեթե չեն ավելացել, փոխարենը՝ նվազման միտում ակնհայտորեն գրանցվել է։ Սրան զուգահեռ, բազմաթիվ ապրանքներ մեր երկրում կտրուկ թանկացել են։

Ըստ տարբեր հաշվարկների, մեր երկրում մեկ տարվա կտրվածքով գրանցված գնաճը հասնում է մոտ 5,8 տոկոսի, ինչը եկամուտների չավելացման պայմաններում, լուրջ սոցիալական բեռ է դառնում սպառողների համար։

Պաշտոնական վիճակագրության հաղորդած տվյալների համաձայն, Հայաստանում վերջին մեկ տարվա ընթացքում ալյուրը թանկացել է 15,5 տոկոսով, բրնձի գնաճը կազմել է 13,5 տոկոս, հացաբուլկեղենը և ձավարեղենը թանկացել են 9,4 տոկոսով, հացի գնաճը, նույն ժամանակահատվածի տվյալներով, հասնում է 8,6 տոկոսի։

Ահագնացող գնաճի թեմայով «Փաստարկ» լրատվականը զրուցել է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ։ Վերջինս նկատում է՝ մեր երկրում առաջին անհրաժեշտության ապրանքների կտրուկ գնաճը խիստ մտահոգիչ ցուցանիշներ է գրանցում, առաջիկայում նոր թանկացումներ դեռ սպասվում են. «Վերջին գնաճը մի քանի պատճառներ ունի և դրանցից առաջին ու ամենաէական հանգամանքը, թերևս, դրամի արժեզրկումն է, որի արդյունքում, ավտոմատ կերպով  ներմուծվող  բոլոր ապրանքները նույնպես թանկանում են: Ներմուծումը, որպես կանոն, տեղի է ունենում արտարժութային գործարքներով, այսինքն` ներմուծվող ապրանքը, բնականաբար,  նույն չափով թանկանում է: Երկրորդ հերթին՝ տարվա այս ժամանակահատվածում, որպես կանոն, գնաճ մշտապես լինում է:  Սա ավելի շատ կապված է լոգիստիկ բնույթի խնդիրներով, բացի այդ, եթե նկատել եք, թանկացել է նաև դիզվառելանյութը՝ բենզինը: Այս ամենն իր հետքն է թողել գնային ինքնարժեքի վրա, որի արդյունքում մենք ֆիքսել ենք գնաճի նկատելի տեմպեր»,- ասում է Արեն Ապիկյանը։

Պատասխանելով հարցին՝ ինչո՞վ է պայմանավորված տեղական արտադրության ապրանքների թանկացումը, բիզնես խորհրդատուն նկատում է՝ իհարկե առաջին հերթին հումքի գներով, որովհետև շատ ու շատ տեղական ապրանքների համար, հումքը, նույնպես դրսից է ներմուծվում։ Հետևաբար, հումքի գնի փոփոխություններով պայմանավորված, փոխվում է նաև ինքնարժեքի գինը: Այստեղ էական դեր կարող է խաղալ նաև կոմունալ թանկացումների հանգամանքը, այսինքն, եթե երկրում թանկանում են գազն ու էլեկտրոէներգիան, շղթայական թանկացումներ են տեղի ունենում նաև տեղական արտադրության ապրանքների գներում,- ասում է Արեն Ապիկյանը։

«Փաստարկ» լրատվականը հետաքրքրվում է՝ ի՞նչ հանգամանքներով  է պայմանավորված դրամի արժեզրկումը Հայաստանում: Մասնագետը նկատում է՝ դրամի արժեզրկման առաջին և հիմնական պատճառը տնտեսական ծանր վիճակն է, հավասար չափով նաև՝ վստահության կորուստը: Կորոնավարակի, ինչպես նաև պատերազմից հետո առաջացած քաղաքական և տնտեսական ճգնաժամը հանգեցրեց նրան, որ մարդիկ, վախենալով դրամի արժեզրկումից, իրենց ունեցած խնայողությունները դրամից դոլարի վերածեցին։ Մյուս պարագայում, մարդիկ պարզապես հասկանում են, որ Հայաստանում այս պահին ներդրումներ անելն ուղղակի անիմաստ ֆինանսական կորուստների կհանգեցնի և հանելով կապիտալը, ներդրումներ են կատարում այլ երկրներում»,- ասում է Արեն Ապիկյանը։

Խոսելով Հայաստանում ներդրումային պայմանների թեմայով` բիզնես խորհրդատուն նկատում է՝ միշտ է դժգոհ եղել հայաստանյան ներդրումայնի ֆոնից, սակայն այսօր այն, առավել քան երբևէ, անմխիթար է. «Երբ Նիկոլ Փաշինյանը սրանից երեք տարի առաջ հրապարակներից բղավում էր, թե Հայաստանում միլիոնավոր ներդրողներ հերթի են կանգնել, սպասում են, թե երբ է իշխանությունը փոխվելու, որ գան ու միլիարդավոր դոլլարների ներդրում անեն մեր երկրում, պարզվում է՝ էժանագին պոպուլիզմ էր, ինչպես և իր մնացյալ բոլոր խոստումները, ինչպես որ ցույց տվեց ժամանակը։ Այս ամենն, ուղղակի, ծիծաղելի է»,- ասում է Ապիկյանը։

Հարցին՝ արդյո՞ք այս տարի արձանագրված գնաճը մոտ է անցյալ տարիների՝ նույն ժամանակահատվածի գնաճի տեմպերին, բիզնես խորհրդատուն պատասխանում է՝ միանշանակ ոչ, որովհետև այս չափերի հասնող դրամի կտրուկ անկում մենք վերջին տարիների ընթացքում ուղղակի չենք ունեցել, ինչը, վերջինիս կարծիքով, դեռ շարունակական բնույթ է կրելու. «Այս ողջ իրավիճակում ամենավատ իրողությունն այն է, որ  արտաքին աշխարհում բարենպաստ միջավայր նույնպես չկա: Այսինքն, եթե նախկինում մեր երկրում տնտեսական վիճակը այս կամ այն չափով անկում էր ապրում, ապա դրսից դեպի  Հայաստան ուղարկվող տրանսֆերտները գոնե օգնում էին, որպեսզի այստեղ՝  ներսում տնտեսությունը զգալի վնասներ չկրի: Հիմա դրսից ուղարկվող տրանսֆերտների վրա հույս դնել այնքան էլ չի ստացվի, որովհետև համավարակի  թողած հետևանքները տնտեսական լուրջ և խորը ճգնաժամ են առաջացրել նաև ամբողջ աշխարհում: Այլ կերպ ասած, տնտեսական առումով հիմա ողջ աշխարհն ուղղակի աղետի առաջ է հայտնվել»։

Վերադառնալով գնաճի թեմային և հարցին՝ ի՞նչ սպասելիքներ կարող են ունենալ մեր հայրենակիցներն այս առումով, Արեն Ապիկյանը ցավով նկատում է՝ ընդհանուր վերլուծության արդյունքում որևէ լավ լուր այս առումով ասել չի կարող. «Գնաճի տեմպերը հանգեցնելու են նրան, որ մարդիկ սկսելու են ավելի վատ ապրել: Ցավալի իրողությունն այն է, որ առաջիկայում մարդիկ կսկսեն խնայել նաև ուտելիքի վրա ծախսվող գումարը: Իրավիճակը շատ  է հիշեցնում 90-ականների տխուր կյանքը: Չեմ կարծում, որ բանը կհասնի չեկերով տրամադրվող սննդի համակարգին։ Հիմա, իհարկե նմանօրինակ իրավիճակ չկա, բայց գնաճի տեմպերը և գործազրկության աճող մակարդակը կարող են հանգեցնել նրան, որ մարդիկ բառացիորեն ստիպված կլինեն կտրուկ կրճատել նաև առաջին անհրաժեշտության մթերքների ձեռքբերումը՝ բառացիորեն հանելով իրենց սննդակարգից քիչ թե շատ թանկ մթերքները՝ միսը, կաթնամթերքը և այլն: Մնացած անհրաժեշտ և բնական կարիքները բավարարելու համար, կլինի դա՝ դեղորայք, կոմունալ ծախսեր, մինիմում հագուստ և այլն, այս ամենը ձեռք բերելու համար, մարդիկ ստիպված են լինելու գնալ այդ սահմանափակումներին, ինչը, բնականաբար, ցավալի և ոչ մի տեղ չտանող  հեռանկար է, որ ոչ մի լավ բան չի խոստանում մեր երկրի ու ապագայի համար»,- ամփոփելով զրույցն, ասում է բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն