«Մեր գերիները անմարդկային վերաբերմունքի ու խոշտանգումների են ենթարկվում». Արցախի արտգործնախարար. Pastinfo

Արցախի Հանրապետության արտգործնախարար Դավիթ Բաբայանը, պատասխանելով «Փաստինֆո» լրատվականի հարցերին, շեշտել է, որ այն ինչ կատարվում է Ադրբեջանում մեր ռազմագերիների հետ միջազգային և մարդասիրական իրավունքների կոպտագույն խախտում է։

«Ադրբեջանը հերթական անգամ ցույց է տալիս իր իրական դեմքը, մենք դա երբեք չենք մոռացել: Չնայած, այնուամենայնիվ, ոմանք մոռանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Ադրբեջանը և Թուրքիան: Տպավորություն է ստեղծվում, որ այդ երկրները հատուկ հիշեցնում են մեզ դրա մասին։

Միջազգային հանրությունը պետք է արձագանքի այս իրավիճակին և իր գնահատականը տա, բայց այս հարցում նույնպես մենք չպետք է չափազանց մեծ սպասումներ ունենանք : Մենք պետք է անընդհատ աշխատենք այս հարցով, տարբեր միջազգային ատյաններում: Այն, ինչ անում է Ադրբեջանը, միջազգային մարդասիրական իրավունքի կոպիտ խախտում է, հնարավոր է, որ այնտեղ մեր գերիները ենթարկվում են խոշտանգումների, տարբեր տեսակի անմարդկային վերաբերմունքի», — շեշտել է Բաբայանը:

«Փաստինֆո»-ի հարցին, թե որքանով են հավաստի տեղեկությունները, որ ադրբեջանցիները վաճառում են գերեվարված քաղաքացիների օրգանները, Արցախի ԱԳՆ ղեկավարը պատասխանեց, որ դա բացառել չի կարելի:

«Ես ուզում եմ շեշտել, որ միջազգային հանրությունը պետք է բոլոր ջանքերը գործադրի մեր գերիներին և ռազմագերիներին ադրբեջանական գերությունից ազատելու համար», — շեշտեց Բաբայանը:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի արտաքին գործերի նախարարը բազմիցս հայտարարել է, թե իրենց մոտ այլեւս հայ ռազմագերիներ չկան, իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն պայմանագրի ստորագրումից հետո իրենց զինվորականների կողմից գողացած հայերին ներկայացրել է որպես ահաբեկիչ։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն