Մեծամորի դիահերձարանը հսկվում է քաղաքացիական հագուստով ոստիկանների և ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից

Արցախյան վերջին պատերազմից հետո, Հայաստանն ալեկոծող խնդիրներից մեկը ՀՀ իշխանությունների կողմից պատերազմի զոհերի մարմինների հանդեպ աննախադեպ հրեշավոր վերաբերմունքն է։

Իրենց զինվորի մարմինը կամ մարմնամասը գտնելու և հողին հանձնելու հույսով՝ զոհվածների ու անհետ կորածների հարազատները հանրապետության մի դիահերձարանից մյուսն են վազում:

Որոշակի ժամանակահատված, իշխանություններին հաջողվեց «լռեցնել» զոհերի հարազատներին` վստահեցնելով, թե ՀՀ Առողջապահության նախարարությունը ԴՆԹ որոշող սարքեր է ձեռք բերել, որի շնորհիվ, դիերի ճանաչման աշխատանքն, այդուհետ, ավելի արագ ու արդյունավետ կդառնա: Սակայն, ինչպես հետագայում պարզ դարձավ, այդ սարքերի ձեռքբերումը որևէ իրական արդյունք չտվեց։

«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրի փոխանցմամբ, այս պահին, Մեծամորի դիահերձարանի տարածքում թվով 5 բեռնատար կա, որոնցից յուրաքանչյուրի մեջ, դիերի նորմալ դասավորության պարագայում, մինչև 100 նահատակված զինծառայողի մարմին կարող է տեղավորված լինել։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ ճանաչման չենթարկվող ու առավել խնդրահարույց վիճակում դիերի մարմնամասերն են (վերջույթներ, գլուխ, մարմնի այլ մասեր), ապա մեր աղբյուրը ցավով ենթադրում է, որ յուրաքանչյուր բեռնատարի մեջ կարող է է թվով ավելի շատ նահատակված զինծառայողի դիակ կամ մարմնամաս լինել։

Պարզունակ հաշվարկի արդյունքում, անգամ, կարող ենք եզրակացնել, որ այս պահին, Մեծամորի դիահերձարանի մոտ գտնվող բեռնատարներում առկա է շուրջ 500 դի։ Իսկ, թե քանի՞ դի կա դիահերձարանի ներսում, մեր աղբյուրը դժվարացավ հստակ պատասխան տալ։ Վերջինս հավելեց, որ Մեծամորի դիահերձարանը հսկվում է քաղաքացիական հագուստով ոստիկանների և ռազմական ոստիկանության աշխատակիցների կողմից։ Այնտեղ մուտք կարելի է գործել միայն հատուկ տրամադրված անցաթղթի առկայության պարագայում, որը տրվում է իրենց հարազատին փնտրող և նկար ներկայացնող անձանց միայն։

Այցելուներին դիակներ կամ մարմնամասեր ցույց չեն տալիս: Ինչպես փոխանցում է «Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրը, հարազատին կամ ծնողներին նստեցնում են համակարգչի առջև և հատ-հատ ցույց տալիս սարսափելի ու աննկարագրելի տեսարաններ պատկերող նկարներ:

Հավելենք, որ բեռնատարներում դիակների պահպանման համար հատուկ սառեցման պայմանների անհրաժեշտություն կա։ Սառնարանները շահագործվում են կամ դիզելային վառելիքի այրման կամ էլեկտրոէներգիայի օգտագործման միջոցով։ Հարցը՝ որքա՞ն է կազմել մի քանի տասնյակի հասնող բեռնատար խցիկների սառեցման ապահովման ծախսը և ի՞նչ միջոցներով է իրականացվել այն, գտնվում է «Փաստարկ» լրատվականի հետազոտման տիրույթում։

Հ.Գ. Մասնագիտական վերլուծությունը հուշում է, որ եթե բեռնացիկներում ապահովվի զրոյից ցածր 18-21 ջերմաստիճան, ապա հնարավոր է խցիկում տեղավորել մինչև 200 նահատակված զինծառայողի ամբողջական դի։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն