Մինչ «ԱԺ» «բարձրակարգ» թատրոնի դերասաններն իրենց հաջորդ խաղն են բեմադրում, «հովանավորների» իրական ողբերգությունը շարունակվում է Եռաբլուրում

Ոհմակային մտածողություն, ցինիզմ, խուլիգանություն, անկրթություն, ոտնահարված արժեքներ և բռնաբարված քաղաքականություն։ Ահա այսպես է հասարակությունը որակում իր իսկ կողմից ձևավորված Խորհրդարանի պահվածքը։
Երեկ Ազգային ժողովից բռնի ուժով հեռացնում էին կին պատգամավորի։ Թեև պիտի ընդունենք, որ պատգամավորի խոսքը, մեղմ ասած, կոռեկտ չէր, բայց արդյո՞ք ԱԺ-ն այն վայրն է, որտեղից կնոջը պիտի հեռացնեն բռնություն կիրառելով։
Այսօր էլ` երկրու ծեծկռտուք մեկ օրում։ ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանը «արա»-ով դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, գեներալ Սեյրան Օհանյանին, ինչին ի պատասխան Օհանյանը շիշ նետեց Հայկ Սարգսյանի ուղղությամբ  և սկսվեց հերթական ծեծկրտուքը։ Ճիշտ այնպես, ինչպես դպրոցի 6-7-րդ դասարաններում են երկու աշակերտների վեճին միանում մյուսները: Ուղղակի մեկ տարբերությամբ. երբ ուսուցիչը ներսում է, այդ վիճաբանությունը բռուցքների չի հասնում։ Իսկ ԱԺ ուսուցիչը՝ Նիկոլ Փաշինյանը, հետևում էր համացանցում շրջանառվող «Ազգային թատրոնի» հերթական սեանսին, կանխող և զսպող ոչինչ և ոչ ոք չկար։
Ընդմիջումից քիչ անց, «արա» բառը կրկին դարձավ վիճաբանության՝ ոտքերով հարվածների և հայհոյանքների պատճառ։ «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հոկոբյանի ելույթի ժամանակ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը տեղից «արա» ասաց Հակոբյանին։ Վերջինս ամբիոնից իջավ և ընդառաջ եկավ դահլիճից իջնող մի քանի ՔՊ-ականների։ Ալեքսանյանը ոտքով հարվածեց Հակոբյանին, հնչեց պատասխան հայհոյանք, ապա պատգամավորների միջև ծեծկռտուք սկսվեց, ինչի արդյունքում էլ վնասվածք ստացավ և հիվանդանոց տեղափոխվեց Արցախի զոհված հերոսի հայր, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։
Սա ամենաթանկ թատրոնն է, որի համար հանդիսատեսը վճարում է։ Այստեղ յուրաքանչյուր դերասան վարձատրվում է ամսեկան մոտ 700 000 դրամով։ Թատրոնի հովանավորը՝ ժողովուրդը, հոգում է դերասանների  առողջապահական ծախսերը, գումար է տալիս, որ սրճարանում հաշիվ փակեն, իրեն կանանց հետ մարզասրահ այցելեն և այլն։ Իսկ դերասանական խաղի յուրաքանչյուր սեանսի ավարտից հետո, «հովանավորներն» իրենց տները զիջում են թշնամուն, կորցնում են ամենաթանկը՝ իրենց որդիներին։
Մինչ «ԱԺ» «բարձրակարգ» թատրոնի դերասաններն իրենց հաջորդ խաղն են բեմադրում, «հովանավորների» իրական ողբերգությունը շարունակվում է Եռաբլուրում։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն