Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին աշխատանքից ազատել են

Նևրոզների կլինիկայի գլխավոր բժիշկ Ցոլակ Հակոբյանին աշխատանքից ազատել են։ Ցոլակ Հակոբյանը սակայն նշում է, որ չգիտի աշխատանքից ազատման պատճառները. «Չգիտեմ, Դուք դա կարող եք հարցնել իմ վերադասից։ Այնտեղ հոդվածներ կար, օրենքի ուժի հիման վրա, հղումներ կար ինչ-որ հոդվածների, որի հիման վրա իրավունք ունեն ինձ աշխատանքից ազատելու։ Որևէ պատճառ չկա նշված»։ Աշխատանքից հեռացնելը, քաղաքական դրդապատճառների հետ չի կապում՝ նշելով` շատ լավ գիտեն, որ ինքը քաղաքականությամբ չի զբաղվում, քաղաքական հայացքներ չունի։

Նևրոզների կլինիկան պատկանում է Պետական գույքի կառավարման կոմիտեին, որի նախագահն է Արարատի նախկին մարզպետ Գարիկ Սարգսյանը, ում հետ բժիշկ Հակոբյանը ցանկացել է հանդիպել, խոսել և հասկանալ, թե ինչու են իրեն հեռացրել՝ հատկապես այն դեպքում, երբ կլինիկայի շահառուներն իրենից գոհ են։ Սակայն Գարիկ Սարգսյանը չի ընդունել բժշկին` որևէ պատճառաբանություն չնշելով։
Պետական գույքի կառավարման կոմիտեի նախագահի օգնական Լիլիթ Միրզախանյանն էլ ասաց, որ հարցին կպատասխանեն միայն գրավոր։ Սակայն հաստատեց, որ աշխատանքից ազատման կարգադրությունն ինքն է տվել Ցոլակ Հակոբյանին, որի մեջ հստակ գրված են պատճառները։
Ցոլակ Հակոբյանն ասաց, որ դեռ հանգստանում է և չի որոշել խնդիրը դատական ճանապարհով լուծի՞, թե՞ ոչ։
Հիշեցնենք, որ Նևրոզների կլինիկայի շուրջ աղմուկը գրեթե չի դադարում։ Պետությունը տևական ժամանակ է ցանկանում է այս կլինիկային զրկել պետական պատվերի ֆինանսավորումից։
Շահառուները ևս մտահոգ են, նրանք կարծում են, որ կլինիկան կփակեն և իրենց կտեղափոխեն հոգեբուժարան։ Նրանք երեկ, ի պաշտպանություն Ցոլակ Հակոբյանի, բուժկենտրոնի մոտ բողոքի ակցիա էին իրականացնում։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն