Նիկոլ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին Երևանում պարեկային ոստիկանության գործարկման համար

Նիկոլ Փաշինյանը հեռախոսազրույց է ունեցել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի հետ` վերջինիս նախաձեռնությամբ,- տեղեկացնում է ՀՀ կառավարության մամուլի ծառայությունը:

«Ամերիկյան կողմը շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին՝ ընտրություններում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության հաղթանակի կապակցությամբ՝ շեշտելով վերջին տարիներին ՀՀ կառավարության կողմից ձեռնարկած հետեւողական քայլերը ՝ Հայաստանի ժողովրդավարական նվաճումներն ապահովելու ուղղությամբ: Այս համատեքստում ԱՄՆ պետքարտուղարը բարձր է գնահատել Նիկոլ Փաշինյանի ջանքերը երկրում նախընտրական լարվածությունը խաղաղ ճանապարհով հանգուցալուծելու և ընդդիմության հետ քաղաքակիրթ հարաբերություններ կառուցելու համար:
Էնթոնի Բլինքենը կարևորել է բարեփոխումների օրակարգը, որն իրականացնում է ՀՀ կառավարությունը, մասնավորապես՝ կոռուպցիայի դեմ պայքարի և արդարադատության ոլորտներում։ Նա հավելել է, որ Միացյալ Նահանգները պատրաստ է շարունակել օգնությունն այս ուղղությամբ: Միաժամանակ՝ նա նշել է, որ երկու երկրների գործընկերությունը հիմնված է ժողովրդավարական արժեքների վրա:
Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանն իր երախտագիտությունն է հայտնել ժողովրդավարական բարեփոխումների ուղղությամբ Հայաստանի ձեռքբերումների գնահատման համար: Նա բարձր է գնահատել ԱՄՆ-ի շարունակական աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների և օրենքի գերակայության ամրապնդման, ինչպես նաև Երևանում պարեկային ոստիկանության գործարկման համար։

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ ապագայում պարեկային ծառայությունը կընդլայնվի ողջ երկրով մեկ ՝ հույս հայտնելով, որ ամերիկան կօգնի ավարտին հասցնել այս գործընթացը: Վարչապետի պաշտոնակատարը բարձր է գնահատել պետքարտուղարի տեղակալ Ֆիլիպ Ռիկորի ջանքերը՝ մեկ ամիս առաջ Ադրբեջանից հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ: Տարածաշրջանում կայունություն հաստատելու առանցքային հիմնախնդիրներ են համարվել գերիների վերադարձը և Ադրբեջանի զինված ուժերի դուրսբերումը Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքից:
Պետքարտուղարը խոստացել է, որ Միացյալ Նահանգները կշարունակի ջանքերը՝ ապահովելու բոլոր գերիների վերադարձը: Անդրադառնալով Արցախի հիմնախնդրին ՝ պետքարտուղարը շեշտել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների գործունեությունը վերսկսելու կարևորությունը ՝ շեշտելով խաղաղ գործընթացի հստակ օրակարգի մշակման անհրաժեշտությունը, որը թույլ կտա գտնել հիմնախնդրի ՝ դիմացկուն և երկարաժամկետ հանգուցալուծում։
Այս համատեքստում Փաշինյանը նաև ընդգծել է, որ հակամարտությունը չի կարգավորվել և պահանջում է համապարփակ լուծում, ինչը հնարավոր է ձեռք բերել միայն Մինսկի խմբի համանախագահության շրջանակներում:
Ամերիկյան կողմը նշել է, որ համաձայն է վարչապետի պաշտոնակատարի այն դիտողությանը, որ ստատուս քվոն չի կարող կայուն լինել, և Մինսկի խմբի համանախագահներին անհրաժեշտ է հստակ օրակարգ, որը նպաստի բանակցությունների հաջողությանը », — տեղեկացվում է հաղորդագրության մեջ։

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն