Ո՞վ է վրաց ազգին տրամադրում հայերի դեմ

Վրացի քաղաքագետ, Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ափխաիձեն անդրադարձել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմին և կարծիք է հայտնել, որ այս պատերազմում հաղթողներ չեն եղել։ Նա ասել է, թե կասկածում է, որ այդ պատերազմը Ադրբեջանի ժողովրդի օգտին էր, քանի որ եթե ադրբեջանական ժողովուրդը ցանկանում էր խաղաղ ապրել արցախցիների հետ, ապա հարցի լուծման ռազմականացված ճանապարհը Բաքվի կողմից մեծ սխալ էր։

Վրացի քաղաքագետը ընդգծել է, որ այս պատերազմում հաղթեց Անկարան, որը կամենում էր իր ուժը ցուցադրել։ Նրա դիտարկմամբ՝ Ադրբեջանը ուժային կենտրոն չէ։ Տարածաշրջանում մեծ խաղացողները Ռուսաստանը, Թուրքիան և Իրանն են։ Ափիխաձեի կարծիքով՝ ռուս խաղաղապահները փրկեցին Լեռնային Ղարաբաղի քաղաքացիների ողջ մնացածներին, քանի որ նրանց սպասվում էր լիովին ոչնչացում։ Խոսելով վրաց-հայկական հարաբերությունների մասին՝ նա ընդգծել է, որ ոչ մի հայ՝ անկախ աշխարհագրական ծագումից, երբեք չի կռվել վրացիների դեմ։ Վրացիներին հայերի դեմ տրամադրելու գործի հեղինակները թուրքական և ադրբեջանական հատուկ ծառայություններն են։ Նրանք ֆինանսավորել են ինտերնետային կայքէջեր, որոնք նպատակաուղղված են հրահրել ազգամիջյան բախումներ։ Մասնավորապես՝ նրանք փաստարկում են Բաղրամյանի գումարտակի խնդիրը, որը կռվեց Աբխազիայում, սակայն աբխազական հակամարտությունը չուներ և չունի էթնիկ բնույթ։

Մեկնաբանելով Դավիթ Գարեջիի եկեղեցական համալիրի շուրջ ստեղծված իրավիճակը՝ քաղաքագետը ներկայացնում է, որ այն լիովին ներառված է եղել Վրաստանի քարտեզում, սակայն Սահակաշվիլիի կառավարման օրոք ադրբեջանցիները կաշառել են հանձնաժողովին և փոխել քարտեզները։ Վերջնարդյունքում՝ համալիրի մի մասը ճանաչվել է «ալբանական» և փոխանցվել Ադրբեջանին։ Խնդրի առնչությամբ քրեական գործ է հարուցվել, և մեղավորները հայտնի են։

Կովկասի իսլամական հետազոտությունների կենտրոնի տնօրեն Շոթա Ափխաիձեն Սահակաշվիլիին մեղադրել է նաև այն հարցում, որ SOCAR-ը ձեռք է բերել Վրաստանում ռազմավարական էական նշանակություն ունեցող հաստատությունների մեծ մասը։ Այսօր Վրաստանի իշխանությունները ջանք են թափում` շտկելու այդ իրավիճակը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն