Որևէ մեկը չշշկռի Ժ/Պ-ի հնարավորություններին կամ ինչ պետք է, այն էլ ստորագրում ենք

Ժամանակավոր պաշտոնակատարի կողմից իր գործառույթների ժամանակավոր իրականացումը դա մի իրավիճակ է, երբ դեռևս պարզ չէ, թե ով է զբաղեցնելու տվյալ հաստիքը, սակայն անհրաժեշտություն է առաջանում ժամանակավորապես կատարել այն գործառույթները, որոնք բխում են տվյալ պաշտոնից` աշխատանքի բնականոն ընթացքն ապահովելու համար։
Սակայն, ինչպիսի գործառութային փաթեթով և այդ փաթեթից բխող լիազորություններով կարող է օժտված լինել ժ։ամականակավոր պաշտոնակատարը և կարո՞ղ է արդյոք 100 %-ով կատարել այն գործառույթները, որոնք բխում են իր կողմից ժամանակավորապես զբաղեցված պաշտոնի էությունից, այդ թվում` ստորագրել ցանկացած տեսակի փաստաթղթեր։
Ժամանակավոր պաշտոնակատարը դա այն անձն է, ով դե յուրե չի զբաղեցնում այն հաստիքը, որից բխող լիազորությունները ժամանակավորապես կատարում է, սակայն այդ պաշտոնից բխող գործառույթները կատարելով հետապնդում է որոշակի նպատակներ։ Մասնավորապես, այդպիսի նպատակներն են աշխատանքի բնականոն ընթացքի ապահովումը, գործերի ընթացիկ սպասարկումը, ընթացիկ աշխատանքային խնդիրների կարգավորումը և այլն։ Այսինքն, պաշտոնի ժամանակավոր զբաղեցումն ունի տրամաբանություն, այն է՝ ապահովել գործընթաց, որպեսզի հաստիքից բխող գործառույթների կատարումը չխաթարվի և չհանգեցնի անցանկալի հետևանքների։
Վերոնշյալ տրամաբանությունը մեզ հուշում է, որ պաշտոնակատարի կողմից գործառույթների կատարման ծավալը և այդ ծավալից բխող լիազորությունները չեն կարող հավասարազոր լինել, արդեն իսկ պաշտոնը լիարժեք զբաղեցնող պաշտոնյայի կողմից գործառույթներ կատարելուն, քանի որ պարզ չէ, այն անձը, ով ժամանակավորապես զբաղեցնում է իրեն վստահված հաստիքը, շարունակելու՞ է հետագայում զբաղեցնել այդ հաստիքը, թե ոչ։
Հետևաբար, առաջանում է իրավականության խնդիր, որը կարող է հաղթահարվել միայն ժ/պ-ի փոխարեն տվյալ հաստիքը լիարժեք զբաղեցնող անձի նշանակմամբ։ Ավելին, եթե խոսքը գնում է ոչ թե նշանակովի այլ ընտրովի պաշտոն զբաղեցնելու դեպքերին, ապա տվյալ պայմաններում, բացի իրավականության գործակցից, կա նա վստահության գործակից, որը նույնպես չի կարող հավասարազոր լինել հաստիքը լիարժեք զբաղեցնող պաշտոնյայի վստահության գործակցին, քանի որ ունի վերահաստատման կարիք։
Այլ կերպ ասած պաշտոնակատարն ունի առաքելություն` լրացնել համակարգի ներսում առաջացած վակուումը, որպեսզի մեխանիզմը կարողանա անխափան աշխատել, բայց չի կարող ակտիվորեն շեղել մեխանիզմի ղեկը այնպես, որպեսզի դրանից դրամատիկորեն փոխվի համակարգի ուղղությունը, հետևաբար նաև` ստորագրել այնպիսի փաստաթղթեր, որոնք կարող են նմանատիպ ազդեցություն ունենալ համակարգի աշխատանքի վրա։
Ամփոփելով վերոնշյալը, կարող ենք փաստել, որ անձը, ով հանդիսանում է ժամանակավոր պաշտոնակատար, այն էլ` ընտրովի պաշտոն զբաղեցնող հաստիքի, օժտված չէ նույնչափ լիազորություններով, ինչպիսիք ունի հաստիքը բնականոն պայմաններում զբաղեցնող անձը և չի կարող կայացնել այնպիսի որոշումներ կամ ստորագրել փաստաթղթեր, որոնք պահանջում են իրավականության և վստահության լիարժեք պլատֆորմ։
Հեղինակ՝
փաստաբան Հայկ Հայրապետյան
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն