Պակիստանը Չինաստանի բարեկամն է, իսկ Թուրքիան հայտնվում է բարիկադի հակառակ կողմում

Հետաքրքիր հակասության մեջ են Պակիստանի դիրքորոշումն ու աշխարհաքաղաքական դիրքը:  Ւսլամաբադը ձգտում է պահպանել իր տարածքային ամբողջականությունը (գոյություն ունի նաև բելուջների հիմնախնդիրը) և միաժամանակ՝ Հնդկաստանի հետ բախման մեջ է՝ Քաշմիրի հիմնախնդրի պատճառով։

Չինաստանը Հնդկաստանի հակառակորդն է և որոշակի ոլորտներում` Պակիստանի բարեկամը։ Հնդկաստանի համար շահեկան չէ «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» չինական նախագծի իրականացումը, ինչպես նաև Չինաստանի և Պակիստանի դիրքերի ամրապնդումն Աֆղանստանում։ Երբ հնդիկ դիվանագետներն առաջին անգամ Դոհայում բանակցություններ սկսեցին Թալիբանի քաղաքական ղեկավարության հետ, ամենայն հավանականությամբ  դա փորձ էր կանխել 2021թ հունիսին Աֆղանստանից ՆԱՏՕ-ի զորքերի դուրսբերման բացասական հետևանքները։ Այդ լուրը հաստատեց Քաթարի՝ ահաբեկչության դեմ պայքարի և հակամարտությունների կարգավորման միջնորդության հարցերով հատուկ դեսպանորդը ՝ Մութլաք բին Մաջիդ Ալ Քահթանին։

Այսինքն՝ Հնդկաստանը հակված է դիմակայել Չինաստանին ու Պակիստանին և չի մասնակցում այս տարածաշրջանում ամերիկյան արկածներին։ Իսկ ԱՄՆ-ն պատրաստ է հարվածներ հասցնել Հարավային Ասիայի ողջ տարածաշրջանին։ Ամերիկա-չինական գլոբալ մրցակցությունն արդեն արտացոլվում է Պակիստանում։ Այսպես՝ հունիսին լուրեր տարածվեցին այն մասին, որ Չինաստանը և Պակիստանը ծրագրում են ստեղծել հեռուստաալիք և մեդիա խումբ, որը կլինի Արևմուտքի երկրների ԶԼՄ-ների այլընտրանքը։ Նախատեսվում է, որ մեդիա խումբը կգտնվի Պակիստանում և կֆինանսավորվի Չինաստանի կողմից։ Ուշագրավ է, որ 2019թ սեպտեմբերին Պակիստանը, Թուրքիան և Մալայզիան ծրագրել են ստեղծել անգլալեզու հեռուստաալիք, որի նպատակը իսլամաֆոբիայի դեմ պայքարն է և իսլամի համապատասխան վարկանիշի ձևավորումը։ Սակայն ներկա պահին նախագծի իրականացման մասին վկայություններ չկան։ Այդուհանդերձ՝ վերջին իրադարձությունները խոսում են Պակիստանի և Չինաստանի մերձեցման մասին և այդ գործընթացը գնում է ԱՄՆ-ի հետ հարաբերությունների վատթարացմանը զուգահեռ։ Այդ մասին վկայում է այն հանգամանքը, որ Պակիստանը մերժեց ԱՄՆ-ին՝ Պակիստանի տարածքներում ռազմական հենակայաններ տեղաբաշխելու համար և չկամեցավ իր երկիրը դարձնել թալիբների թիրախ։

Բացի այդ, երկրի ներսում անկայուն վիճակի համգամանքներում, ամերիկյան ռազմակայանի տեղաբաշխումն աղետ կլիներ։ Այսպես օրինակ՝ ամերիկյան Axios կայքէջի հարցազրույցում Պակիստանի վարչապետ Իմրան Խանը խուսանավեց հարցից, թե ինչու է Պակիստանը խոսում իսլամաֆոբիայի մասին և լռում է ույգուրների հանդեպ Չինաստանի քաղաքականությունից։ Դեռ ավելին՝ Պակիստանի վարչապետը Չինաստանի տեսակետն է ներկայացրել, այսինքն՝հերքել է ույգուրների և Սինցզյան-Ույգուրյան ինքնավար մարզի մյուս մահմեդական ժողովուրդների դեմ բռնությունները։ Շարժառիթն իհարկե այն է, որ Չինաստանը Պակիստանի դաշնակիցն է։Վերջերս էլ Չինաստանի պետական միջազգային China Global Television Network (CGTN) հեռուստաալիքի հարցազրույցում Պակիստանի վարչապետ Իմրան Խանը քննադատեց ԱՄՆ-ին և Արևմուտքին՝ մյուս երկրների, այդ թվում նաև Պակիստանի հանդեպ ճնշում գործադրելու համար, որի նպատակն հարկադրել այդ երկրներին մասնակցել ամերիկա-չինական դիմակայությանը։

Հարկ է ուշադրություն դարձնել այն հանգամանքին, որ երկու դեպքում էլ Իմրան Խանն ընդգծում է պակիստանա-չինական հարաբերությունների դաշնային բնույթը։ Նա կարևորվում է այն հանգամանքը, որ ամերիկա-չինական հարաբերությունների աճող լարվածության համապատկերում` Մեծ Բրիտանիան` ՆԱՏՕ-ի կարևոր անդամը, գործում է ԱՄՆ-ի կողմից։ Փաստորեն գործընթացները խոսում են Պակիստանի և Թուրքիայի համար հեռու գնացող հետևանքների մասին։ Ինչո՞ւ։ Որովհետև Միացյալ Նահանգներն այս տարածաշրջանում ունի Չինաստանի` մետաքսի նոր ճանապարհի այլընտրանքային ծրագիրը՝ Build Back Better World-ը։ Ի՞նչ է ստացվում։ Այս տարածաշրջանում Պակիստանը կարևոր խաղացող է, որովհետև աջակցում է Չինաստանին և չի միացել ամերիկա-չինական դիմակայության երկրներին։ Այստեղ թաղված է նաև պակիստանա-չինական ռազմական դաշինքի գլուխը։

Իսկ ինչ՞ դիրքորոշում ունի Թուրքիան։ Աշխարհի իսլամիստներին աջակցող Էրդողանը զգուշավորություն է հանդես բերում ույգուրների վերաբերյալ ԱՄն-ի հայտարարության հանդեպ, որովհետև չի կամենում կորցնել Չինաստանի հետ տնտեսական հարաբերությունները։ Այլ պատկեր է ներկայացնում այս երկրի ընդդիմությունը։ Միացյալ Նահանգների համար կարևորություն են ներկայացնում Թուրքիայի ընդդիմադիր դեմքերը՝ Քեմալ Քիլիչդարօղլուն և Մերալ Աշքեները, ովքեր ուշադրություն են դարձնում ույգուրների խնդրին։ Թուրքիայի ընդդիմությունը հակված չէ Էրդողանի բազմավեկտոր քաղաքականությանը։ Տեսական առումով այս հարցում Պակիստանը և Թուրքիան կարող են հայտնվել բարիկադների հակառակ կողմերում։ Այդ դեպքում՝ նրանք կունենան տարբեր քաղաքական և տնտեսական գերակայություններ։ Թուրքիան այս հարցում հնարավոր է՝ դառնա Չինաստանի հակառակորդը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն