Պատվաստանյութերն առաջացնում են թրոմբոցիտների քանակի իջեցում և թրոմբոզներ. Անահիտ Ավանեսյանի նոր հրամանը (փաստաթուղթ). Pastark.am

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և նախարարության բարձրաստիճան պաշտոնյաներ, մի շարք բժիշկներ ամենօրյա ռեժիմով հանրությանը ներկայացնում են, թե կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը բացարձակապես անվտանգ են և որևէ էական խնդիր առաջացնել չեն կարող։

Այս ֆոնին, ընդամենը մեկ շաբաթ առաջ, սեպտեմբերի 17-ին Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը ստորագրել է No 3491 — Լ հրամանը։

ԿՈՐՈՆԱՎԻՐՈՒՍԱՅԻՆ ՀԻՎԱՆԴՈՒԹՅԱՆ (COVID-19) ԴԵՄ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԻՑ ՀԵՏՈ ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊՐՈԹՐՈՄԲՈՏԻԿ ԻՄՈՒՆ ԹՐՈՄԲՈՑԻՏՈՊԵՆԻԱՅԻ (ՊՊՊԻԹ) ԱԽՏՈՐՈՇՄԱՆ ԵՎ ԲՈՒԺՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԱՎՈՐ ՈՒՂԵՑՈՒՅՑԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հրամանում մանրամասն ցուցումներ են տրվում, թե ինչպես պետք է ախտորոշել և բուժել ՊԱՏՎԱՍՏԱՆՅՈՒԹՈՎ ՊԱՅՄԱՆԱՎՈՐՎԱԾ ՊՐՈԹՐՈՄԲՈՏԻԿ ԻՄՈՒՆ ԹՐՈՄԲՈՑԻՏՈՊԵՆԻԱՆ։

Հրամանում մասնավորապես նշվում է, որ «Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումից հետո ՊՊՊԻԹ-ի զարգացման հիմնական ռիսկի գործոնները ադենովիրուսային վեկտորի վրա հիմնված պատվաստանյութերի օգտագործումն է՝ (ռեպլիկացիայի չենթարկվող ադենովիրուսային վեկտորի հիման վրա), ավելի երիտասարդ տարիքի անձանց մոտ»։ 

Ինչպես հայտնի է, ՀՀ-ում կիրառվում է ադենովիրուսային վեկտորի հիման վրա ստեղծված երկու պատվաստանյութ` AstraZeneca-ն և Sputnik-V-ն։ Այս պատվաստանյութերի ժամկետն, ի դեպ, ավարտվում է ս.թ. նոյեմբեր ամսին։

Նախարարի No 3491 — Լ հրամանում նշվում է նաև, որ «ՊՊՊԻԹ-ի դեպքերի մեծ մասը զարգանում է ԱստրաԶենեկա պատվաստանյութը ստանալուց 4-28 օր հետո՝ 60 տարեկանից ցածր տարիքային խմբի կանանց մոտ»։ Սակայն, տարօրինակ կերպով նախարարի շուրթերից մենք լսում ենք անվտանգության մասին երաշխավորող տեքստեր։

 

Ստացվում է, որ ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը և բազմաթիվ բժիշկներ գիտեն, որ իրենց գովազդած և պարտադրած պատվաստանյութերը կարող են առաջացնել և առաջացնում են թրոմբոցիտների քանակի նվազում և մահացու թրոմբոզներ։ Այս մասին իմանալով` նրանք ոչ թե կանգնեցնում են պատվաստումային գործընթացը, ոչ թե պատվաստումից առաջ ստուգում են մարդու թրոմբոցիտների քանակը, ոչ թե պատվաստումից առաջ ստուգում են մարդու մոտ իմունային համակարգի վիճակը, այլ շարունակում են պարտադրել պատվաստումները։

Չնայած նախարարությունը տեղյակ է եղել, որ AstraZeneka պատվաստանյութը վտանգավոր է մարդկանց առողջության և կյանքի համար, մատնանշելով հատկապես երիտասարդ տարիքի կանանց, սակայն, ս.թ. սեպտեմբերի 6-ին ներկրել է AstraZeneca-ի հերթական խմբաքանակը  (187 200 դեղաչափ)։

Ահա այսպիսի օրերում ենք ապրում …

Մ.Ն.

 

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն