Պատվաստումը պարտադրելը կհանգեցնի ավելի բացասական արդյունքի. Վրաստանի առողջապահության նախարար

Վրաստանի առողջապահության նախարար Եկատերինե Տիկարաձեն հայտարարել է, որ համաձայն չէ պարտադրել պատվաստումը, քանի որ այս մոտեցումը շատ ավելի բացասական արդյունք կունենա։ Այս մասին հայտնում է «Ալիք մեդիան»։

«Համոզված եմ, որ պարտադիր պատվաստմանը հաջորդելու են շատ ավելի բացասական գործընթացներ, որոնք, ընդհակառակը, կխոչընդոտեն պատվաստման գործընթացին։  Հետևաբար, ես համաձայն չեմ պարտադրել ժողովրդին պատվաստվել»,- ասել է Տիկարաձեն։

Առողջապահության նախարարը քաղաքացիներին ևս մեկ անգամ կոչ է արել պատվաստվել և պահպանել հակահամաճարակային կանոնները։

«Կարևոր է ակտիվացնել պատվաստման գործընթացը։ Մենք սկսել ենք պատվաստումը խրախուսող մարաթոնը։ Այս փուլի համար ընտրվել է 50 գյուղ, որտեղ ապրում է ավելի քան 3000 քաղաքացի։ Հաջորդ փուլը լինելու է համեմատաբար փոքր գյուղերում։  Բացի մարաթոնից, կարևոր է նաև 60 տարեկանից բարձր քաղաքացիների պատվաստումը։ Հենց նրանց է սպառնում վարակվելու ամենամեծ վտանգը, ինչպես նաև հոսպիտալացման, և ապա մահվան ելքով վարակվելու ամենաբարձր ռիսկը։ Ուստի, ես ևս մեկ անգամ խնդրում և կոչ եմ անում մեր քաղաքացիներին ժամանակին և ճիշտ որոշում կայացնել՝ ի շահ սեփական առողջության և պետության, քանզի մեր դեմ դրված է այս դժվարագույն խնդիրը՝ հաղթահարել համաճարակը»,- ասել է նախարարը։

Նշենք, որ Վրաստանի հիվանդությունների վերահսկման ազգային կենտրոնի ղեկավար Ամիրան Գամկղրելիձեն անդրադառնալով այս հարցին, հայտարարել էր, որ պարտադիր պատվաստման հարցը լուծում պիտի ստանա նոյեմբերին։

Չնայած դրան, վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին էլ բացառել էր պարտադիր պատվաստումները՝ նշելով, որ քաղաքացիներին ուղղակի պետք է համոզել։

Հիշեցնենք նաև, որ Վրաստանում կորոնավիրուսի տարածման 5-րդ ալիքն է, այս պահի դրությամբ ամբողջությամբ պատվաստված է բնակչության ավելի քան 32%-ը` հայտնում է սկզբնաղբյուրը։

 

 

Թողնել մեկնաբանություն