ՊԵՏՈՒԹՅՈՒՆՆ ԻՆՔՆ ԻՐԵՆ ԶՐԿԵԼ Է ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԵՐԻ ԿԱՏԱՐՄԱՆ ՆԿԱՏՄԱՄԲ ՎԵՐԱՀՍԿՈՂՈՒԹՅՈՒՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒՑ ԵՎ ՊԱՏԱՍԽԱՆԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐ ԿԻՐԱՌԵԼՈՒՑ… ՓԱՍՏԱԲԱՆ

« ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական գրասենյակի հիմնադիր տնօրեն, Փաստաբանների պալատի փաստաբան Սուսաննա Սարգսյանը ուշագրավ հրապարակում է կատարել.
Անձի մոտ առաջացած խուճապը հենց իր դեմ օգտագործվող հզոր զենք է:
Հարգելի՛ հայրենակիցներ, թույլ մի տվեք, որ Ձեր դեմ օգտագործեն Ձեր իսկ վախերից ստացած զենքը, այլապես վաղը չեք ներելու Ձեզ` առնվազն վախի և ազդեցության տակ որևէ քայլ կատարելու համար:
Այսպես, 20 օգոստոսի 2021 թ` ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻ 4-Ի ԹԻՎ 17-Ն ԵՎ 2020 ԹՎԱԿԱՆԻ ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 18-Ի ԹԻՎ 24-Ն ՀՐԱՄԱՆՆԵՐՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԵՎ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ թիվ 65-Ն հրամանի համաձայն.
Հոկտեմբերի 1-ից բոլոր տնտեսվարողների համար ուժի մեջ է մտնում իրենց աշխատակիցների կողմից 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստի բացասական պատասխանի կամ պատվաստման սերցիֆիկատի ներկայացման պահանջը` «Բացառություն են կազմում պատվաստված քաղաքացիները, հղիները կամ հստակ հակացուցումներ ունեցողները»։
Այս ակնհայտ ապօրինի, ՀՀ Սահմանադրությանը և օրենքներին հակասող հրամանը խուճապ է առաջացրել ազգաբնակչության լայն շրջանակների մոտ:
Բնականաբար մարդիկ չեն ուզում զրկվել աշխատանքից, բայց նաև չեն կարողանում գտնել այն ճանապարհը, որը կօգնի խուսափել պատվաստումից` այն է արհեստական վարակումից, իսկ մյուս դեպքում` առանց կլինիկական նախանշանների թեստ հանձնելու պարտադրանքից և ակնհայտ ապօրինի հրամանի հիման վրա նախատեսվող տուգանքներից:
Առաջին հերթին անդրադառնանք խնդրի գլոբալ և կարևորագույն կողմին և արձանագրենք, որ պետական և տեղական ինքնակառավարման մարմիններն ու պաշտոնատար անձինք իրավասու են կատարելու միայն այնպիսի գործողություններ, որոնց համար լիազորված են Սահմանադրությամբ կամ օրենքներով:
Երբ խոսքը գնում է տնտեսվարող գործատուների և աշխատակիցների, աշխատանքային հարաբերությունների ծագման, փոփոխման և դադարման հիմքերի ու իրականացման կարգի մասին, ապա պետք է իրավահարաբերությունները կարգավորվեն աշխատանքային օրենսդրության սահմաններում, որի նպատակն է սահմանել քաղաքացիների աշխատանքային իրավունքների և ազատությունների պետական երաշխիքները, պաշտպանել աշխատողների և գործատուների իրավունքներն ու շահերը:
Յուրաքանչյուր քաղաքացի իր իրավունքների շրջանանկներում իրավունք ունի ի թիվս այլ իրավունքների նաև գրավոր հրաժարվելու բժշկական միջամտությունից կամ պահանջելու ընդհատել այն, բացառությամբ` մարդու կյանքին սպառնացող վտանգի դեպքում` Կառավարության սահմանած կարգով և շրջապատի համար վտանգ ներկայացնող հիվանդությունների դեպքում` օրենքով սահմանված կարգով:
Հաշվի առնելով, որ այսօր իրարանցում է առաջացրել COVID-19-ի դեմ պատվաստվելու կամ 2 շաբաթը մեկ ՊՇՌ թեստ հանձնելու պարտադրանքը` չենք կարող չանդրադառնալ այն հրապարակային փաստերին, որ մինչ օրս բազմիցս փոփոխվել է հե՛նց ՀՀ կառավարության կարծիքը` վարակի դեմ պայքարի և դրա տարածման կանխարգելման միջոցների վերաբերյալ: Հակառակը, զարգացումները ցույց են տալիս, որ այս ապաշնորհ կառավարությունը իր ոչ կոմպիտենտ առողջապահության նախախարներով` ըստ հասակի կարգով, ի զորու չէ ո’չ պայքարի արդյունավետ միջոց գտնելու, ո’չ էլ այնպիսի որոշում կայացնելու, որը կբխի քաղաքացիների շահերից, այդ թվում առողջության շահերից:
Ուստի հավաստիացնում ենք, որ նախարարի ապօրինի հրամանի չկատարումը և դրա անտեսումը չի՛ կարող ազդել տնտեսվարողների և նրանց աշխատակիցների վրա:
Հատկապես, որ գերատեսչական և տեղական ինքնակառավարման մարմինների` աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող ակտեր կարող են հրապարակվել միայն աշխատանքային օրենսդրությամբ նախատեսված դեպքերում ու սահմաններում:
Իսկ աշխատանքային օրենսդրութան համաձայն` Պետությունն ապահովում է աշխատանքային իրավունքների իրականացումը` սույն օրենսգրքի և այլ օրենքների դրույթներին համապատասխան: Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել միայն օրենքով, եթե դա անհրաժեշտ է պետական և հասարակական անվտանգության, հասարակական կարգի, հանրության առողջության ու բարքերի, այլոց իրավունքների և ազատությունների, պատվի և բարի համբավի պաշտպանության համար:
Այսպիսով արձանագրենք նաև, որ նախարարի` անձին ակնհայտ բժշկական հետազոտությունների ենթարկելու նպատակով կայացրած հրամանն առաջին հերթին ՕՐԵՆՔԻ ՈՒԺ ՉՈՒՆԻ, այն ստորադասվում է աշխատանքային օրենսգրքին և չի կարող ազդեցություն ունենալ աշխատանքային հարաբերությունների վրա։ Ինչպես նաև` դե յուրե չունի օրենքի ուժ: Իսկ ինչպես նկատեցիք, Աշխատանքային իրավունքները կարող են սահմանափակվել ՄԻԱՅՆ ՕՐԵՆՔՈՎ։
Հատկանշական է, որ Պետությունը` մի կողմից լինելով աշխատանքային հարաբերությունների երաշխավոր, մյուս կողմից փորձում է ոտնահարել այդ հարաբերություններն ու ներխուժել մի դաշտ, որտեղ ներխուժելու իրավունքից ինքն է իրեն զրկել:
Մասնավորապես. 29.04.2020թ. ՀՕ-236-Ն ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՆՍԳՐՔՈՒՄ ԼՐԱՑՈՒՄՆԵՐ ԵՎ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ օրենքով փոփոխության է ենթարկվել ՀՀ աշխատանքային օրենսգրքի 33.1 հոդվածը, համաձայն որի 1․ Տարերային աղետների, տեխնոլոգիական վթարների, համաճարակների, դժբախտ պատահարների, հրդեհների և արտակարգ բնույթ կրող այլ դեպքերի կանխարգելման կամ դրանց հետևանքների վերացման ժամանակահատվածում ստացված գրավոր դիմումի առկայության դեպքում ոլորտի լիազորված տեսչական մարմինն իրականացնում է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողություն՝ օրենքով նախատեսված դեպքերում կիրառելով պատասխանատվության միջոցներ:»
Նույն օրենքի 9-րդ հոդվածի 2-րդ կետի համաձայն` Սույն օրենքի 1-ին հոդվածն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից և գործում է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը:
Նշվածից ակնհայտ է, որ օրենսդրի կողմից օրենքի փոփոխությունը գործել է մինչև 2021 թվականի հուլիսի 1-ը և 2021 թվակաին հուլիսի 2-ից նշված նորմը կորցրել է իր ուժը, որով պետությունը զրկվել է նաև օրենքով սահմանված վերահսկողությունից և պատասխանատվության ենթարկելու լիազորությունից։ Չնայած, որ այդ նորմով սահմանված է եղել պարտադիր գրավոր դիմումի առկայություն, և պետության օրենսդրի կողմից նշված ոլորտի լիազորված տեսչական մարմինն օրենքի ուժով զրկված է գործատուների կողմից աշխատանքային օրենսդրության, աշխատանքային իրավունքի նորմեր պարունակող այլ նորմատիվ իրավական ակտերի, կոլեկտիվ և աշխատանքային պայմանագրերի պահանջների կատարման նկատմամբ պետական վերահսկողությունից ինչպես նաև ՝ պատասխանատվության միջոցներ կիրառելու լիազորությունից:
Հ.Գ. Հարգելի՛ գործատուներ, հարգե՛ք օրենքը, վե՛ր կանգնեք ապօրինի հրամաններ կատարելուց և կուրորեն դրանց հետևելուց: Դուք պարտավո՛ր եք օրենքով սահմանված կարգով ապահովելու ձեր աշխատակիցների իրավունքներն ու շահերը: Թույլ մի՛ տվեք, որ ձեզ օգտագործեն որպես զենք` ընդդեմ այն քաղաքացիների, ում համար պատասխանատվություն եք կրում օրենքով սահմանված կարգով:
Մի՛ սարսափեք տուգանքներից, ինչքան էլ որ դրանց թիվը մեծ լինի, ի վերջո դրանք երկար կյանք չունեն:
Հ.Գ.Գ. Մենք ձեր կողքին ենք…
« ԱԳԼԱ ԼՈՅԵՐՍ» փաստաբանական
գրասենյակի հիմնադիր տնօրեն Սուսաննա Սարգսյան
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն