Պուտինը և Մակրոնը հեռախոսազրույց են ունեցել Դոնբասի, Արցախի և Լիբիայի անվտանգության հարցերի շուրջ

Ֆրանսիական կողմի նախաձեռնությամբ՝ հուլիսի 2-ին հեռախոսազրույց է կայացել Վլադիմիր Պուտինի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի միջև։ Այդ մասին տեղեկացնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

Երկու պետությունների ղեկավարները քննարկել են միջազգային հարթակում փոխգործակցության հարցերի լայն շրջանակ։

«Հիմնական ուշադրությունը հատկացվել է եվրոպական մայրցամաքում կայունության և անվտանգության հիմնախնդրին։ Այդ առնչությամբ նշվել է, որ 2019թվականի օգոստոսին Բրեգանսոնում երկու երկրների նախագահների կողմից ձեռք բերված համաձայնությունները՝ համատեղ աշխատանքի կարգավորման և Եվրոպայում անվտանգության և վստահության ձևավորման ճարտարապետության մասին, պահպանում են իրենց արդիականությունը»,- տեղեկացրել են ռուս ղեկավարի վարչակազմի աղբյուրները։

Վլադիմիր Պուտինը և Էմանուել Մակրոնը հաստատել են, որ ժամանակակից սուր հիմնախնդիրները, ինչպիսիք են կիբերանվտանգությունը, միջազգային ահաբեկչության դեմ պայքարը, առողջապահությունը, կլիման, տարածաշրջանային հակամարտությունները, պահանջում են հանգուցալուծում, որին կնպաստեին Ռուսաստանի և Եվրամիության կառուցողական և կանխատեսելի հարաբերությունները, նորմալ ու հարգալից երկխոսության վերադառնալը։ Ինչպես ընդգծել է Պուտինը՝ Ռուսաստանը պատրաստ է դրան, եթե Եվրամիության կողմից հանդիպման իրական շահագրգռվածություն դրսևորվի։

«Ուկրաինայի ներքաղաքական ճգնաժամի քննարկման ժամանակ ղեկավարներն արտահայտվել են 2015 թ Մինսկի՝ «Միջոցառումների համալիրի» հետևողական իրականացման օգտին, որը եղել է և մնում է կարգավորման՝ այլընտրանքներ չունեցող հիմքը։ Ռուսաստանի նախագահը մատնացույց է արել Կիևի ապակառուցողական գործողությունները, ում մեղավորությամբ նաև նորմանդյան ձևաչափով ձեռք բերված համաձայնությունները գործնականում սաբոտաժի են ենթարկվել։ Շեշտադրվել է ուկրաինական իշխանությունների կողմից ավելի վաղ իր վրա վերցրած պարտականությունների կատարման անհրաժեշտությունը․ խոսքն առաջին հերթին վերաբերում է Դոնեցկի և Լուգանսկի միջև երկխոսության հաստատմանը և Դոնբասի իրավական հատուկ կարգավիճակի ձևակերպմանը»,- ասվում է ծանուցման մեջ։

Վլադիմիր Պուտինը ֆրանսիացի իր գործընկերոջը տեղեկացրել է 2020թ նոյեմբերի 9-ին և 2021թ հունվարի 11-ին Արցախի շուրջ ձեռք բերված եռակողմ համաձայնությունների իրականացման մասին։

«Նշվել է, որ տարածաշրջանում իրավճակը մնում է կայուն՝ ռուս խաղաղապահների ներկայության շնորհիվ։ Ստեղծվել են նախադրյալներ՝ նորմալ տնտեսական գործունեության հաստատման, տնտեսական և տրանսպորտային կապերի ապաշրջափակման համար։ Ռուսաստանի նախագահն ուշադրություն է դարձրել ռազմական գործողություններից տուժած շրջանների բնակչության հումանիտար խնդիրները լուծելու գործում եվրոպական գործընկերների, մասնավորապես՝ Ֆրանսիայի սերտ ներգրավվածության պահանջին: Երկուստեք պատրաստակամություն են հայտնել համակարգելու Արցախի հիմնախնդրի տարբեր ասպեկտները, այդ թվում նաև՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի գծով»,- հավելել են Կրեմլի աղբյուրները։

Քննարկել են նաև Լիբիայի հիմնախնդրի կարգավորման թեմատիկան։ Կողմերն ընդգծել են իրենց այն տրամադրվածությունը, որ հետագայում աջակցելու են քաղաքական գործընթացների առաջխաղացմանը՝ լիբիական բոլոր առանցքային ուժերի մասնակցությամբ:

Էմանուել Մակրոնը հետաքրքրություն է դրսևորել հունիսի 16-ին Ժնևում կայացած բարձր մակարդակներում ռուս-ամերիկյան հանդիպման նկատմամբ։ Պուտինը պատմել է հանդիպման հիմնական արդյունքների մասին։

Ռուսաստանի և Ֆրանսիայի նախագահներն առարկայաբար քննարկել են նաև երկկողմ համագործակցությանը վերաբերող հարցեր, առաջին հերթին՝ առևտրատնտեսական ոլորտում։ Դիտարկել են էներգետիկայի և մշակութային-հումանիտար կապերը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն