«Քաղաքական աջաբսանդալի» վերջը դեռ չի երևում …

Ազգային ժողովի 12 մշտական հանձնաժողովների կազմերն արդեն ձեւավորվել են, սակայն թե ինչ տրամաբանությամբ դժվար է հասկանալ: Օրենքի և իրավունքի դիկտատուրայի մեջ նաև մտնո՞ւմ է Կառավարության բոլոր նախագծերի անխափան հաստատումը, իսկ ընդդիմությանն է՞լ պետք չէ առողջ քննադատություն:

Իհարկե 3 տարի է ինչ տարբեր առիթներով ականտես ենք լինում, որ իշխող թիմի ներսում այնքան էլ արհեստավարժ մասնագետներ չեն, բայց կարելի էր ապահովել գոնե ձևական կողմը: Օրինակ՝ առողջապահության նախկին նախարար և ներկայումս ՔՊ պատգամավոր Արսեն Թորոսյանը հայտնվել է Արման Եղոյանի գլխավորած եվրոպական ինտեգրման հանձնաժողովում, այն ինչ` նա, ըստ օրինաչափության, պետք է լիներ Առողջապահության և սոցիալական հարցերի հանձնաժողովում։ Սակայն, այնտեղ նրա հարաբերությունները լարված են հանձաժողովի նախագահ Նարեկ Զեյնալյանի հետ: Վերջինս հավանություն չէր տալիս նախարարի ներկայացրած նախագծերին, իսկ Թորոսյանն էլ դժգոհում է, որ չեղավ մի բան, որ ներկայացնենք և Զեյնալյանին դուր գա: Հիմա էլ Թորոսյանը հավակնում էր Զեյնալյանի պաշտոնին, բայց խմբակցությունը ընտրեց նախկին ղեկավարին: Առողջապահության և սոցիալական հարցերի մշտական հանձնաժողովում է նաև Փաշինյանի՝ մասնագիտությամբ դերասան աներձագ Հրաչյա Հակոբյանը, ով նախորդ գումարման խորհրդարանում ԱԺ կրթության եւ գիտության հանձնաժողովի անդամ էր։ Այս հանձնաժողովում է նաև նախկին հաղորդավար, դերասանուհի Լուլուն՝ Լուսինե Բադալյանը, ինչպես նաեւ՝ մասնագիտությամբ լրագրող Էմմա Պալյանը։

Արտաքին հարաբերությունների հանձնաժողովը գլխավորում է վարչապետի աշխատակազմի նախկին ղեկավար Էդուարդ Աղաջանյանը, ով մասնագիտությամբ ֆինասիստ է և զբաղվել է անհատ ձեռնարկատիրությամբ: Հաձնաժողովում գործարարների պակաս չկա: Այստեղ է հայտնվել նաև Գուրգեն Արսենյանը: Այս հանձնաժողովում է նաև նախկին լրագրող Սարգիս Խանդանյանը, սորոսական Մարիա Կարապետյանը: Վերջինս հայտնի է թուրքերի ու ադրբեջանցիների հետ իր անձնական մտերմությամբ։

Պետաիրավական հանձնաժողովն ավանդաբար համալրվել է իրավաբաններով և փորձառու օրենսդիրներով: Ղեկավարը Վլադիմիր Վարդանյանն է, փոխնախագահը՝ սահմանադրագետ Վահագն Հովակիմյանը: Այստեղ է նաև մանկավարժ- հոգեբան Արփի Դավոյանը, ճարտարագետ-էլեկտրիկ Վիգեն Խաչատրյանը, Լիլիթ Մինասյանը, ով ոչ վաղ անցյալում ֆեյքերի ՊՈԱԿ-ն էր ղեկավարում։

Դե իսկ պաշտպանության հանձնաժողովում հայտնվել են մարդիկ, ովքեր բռունցքներով ու քացիներով պաշտպանում են Նիկոլ Փաշինյանին և ծեծում են ընդդիմադիրներին: Նրանց հավանաբար տեղյակ չեն պահել, թե ինչ ասել է պաշտպանության հանձնաժողով: Ինչպես նախորդ խորհրդարանում, հիմա էլ այս հանձնաժողովը կղեկավարի Անդրանիկ Քոչարյանը, իսկ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցությունը կներկայացնեն «Շիշ բռնող» մականունով հայտնի պատգամավոր Հայկ Սարգսյանը, ով նախորդ խորհրդարանում տնտեսական հանձնաժողովի կազմում էր, թիվ մեկ «ուսապարկ» Վահագն Ալեքսանյանը, ով «հերոսացավ» «Հայաստան» դաշինքի պատգամավոր Վահե Հակոբյանին ոտքով հարվածելու ակտով, Վիլեն Գաբրիելյանը՝ Նավակ ճոճողը, սյունեցի Արմեն Խաչատրյանը, ով երեկ Ֆեյսբուքում yerkir.am կայքի խմբագրի հասցեին գրել էր՝ «վիժվածք»։

Ընդդիմությունն էլ դասավարության հարցում չի զիջում իշխանությանը: Օրինակ՝ պաշտպանության հանձնաժողովում է բանակում երբեք չծառայած Արթուր Ղազինյանը։ Մինչդեռ ենթադրվում էր, որ նա տեղ կզբաղեցնի պետաիրավականում, որտեղ իր հերթին հայտնվել է իրավաբանության հետ կապ չունեցող լրագրող Ագնեսա Խամոյանը և նախկին սոցապնախարար Աղվան Վարդանյանը։ Իրավաբան Էլինար Վարդանյանը հայտնվել է կրթության հանձնաժողովում, Արմեն Գևորգյանն էլ եվրասիական ինտեգրման հանձնաժողովի նախագահն է։

Այս «քաղաքական աջաբսանդալի» վերջը դեռ չի երևում։ Կարելի է կրակը թեժացնել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն