ՍԱՈՒՆԱ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ` ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ. «Իրավունքի» սկանդալային ահազանգը

Iravunk.com-ն անդրադարձել է Դիլիջանի մանկական մարզադպրոցին, որտեղ, պարզվում է, գործում է ՍԱՈՒՆԱ` ԱՇԱԿԵՐՏՆԵՐԻ ՀԱՄԱՐ։ Բայց այս սաունայից օգտվում են ոչ թե անչափահասները, այլ մեծահասակներ, ովքեր մանկական կրթօջախում անց են կացնում իրենց «խոստումնալից և ջերմագին» շաբաթ-կիրակիները։

«Իրավունքի» խմբագրություն են ահազանգել Դիլիջանի մանկական մարզադպրոցում ուսանող երեխաների ծնողներ, ովքեր ներկայացրել են այնտեղ տիրող, մեղմ ասած, խայտառակ իրավիճակը:

Ըստ ահազանգի` մանկական մարզադպրոցի 7 տարվա տնօրեն Գարիկ Բաղդասարյանը «երեւի թամամ յոթ օր նորմալ աշխատանքային օրը չի ավարտել դպրոցում»: Տնօրենը, ի դեպ, ըստ աղբյուրի, ժամանակին մեղադրվել է համապատասխան մասնագիտական կրթություն  չունեցող իր կնոջը մարզադպրոցում ձեռքի գնդակի ուսուցիչ ձեւակերպելու մեջ: Նույն աղբյուրների համաձայն, նա կարողացել է պայմանականով, այսպես ասած, պլստալ այդ ժամանակ Տավուշի մարզի դատախազ (այժմ Սյունիքի մարզի դատախազ) Էդվարդ Հարությունյանի ջանքերի շնորհիվ: «Չար լեզուներն» ասում են, որ շնորհակալ է եղել դատախազին` նրա մտերմուհուն` Ս. Ի-ին նշանակելով մարզադպրոցի ուսմասվար:
Ահազանգողները պատմել են, որ մարզադպրոցում երեխաների համար նախատեսված շոգեբաղնիք (սաունա) կա, բայց այն գործում է բացառապես շաբաթ-կիրակի օրերին` «տնօրենի եւ իր թայֆայի համար»:
Եվ թերեւս դա է պատճառը, որ տնօրենն աշխատանքից ազատում է երկար տարիներ այդտեղ աշխատած հավաքարարներին, ում աչքերը շատ բան են տեսել:
Բայց սա ամբողջը չէ, ասում են, որ վերը նշված տնօրենն այժմ էլ Դիլիջանի հիվանդանոց տանող ճանապարհին շքեղ, ամբողջությամբ փայտից ռեստորան է կառուցում: Այս ու այն կողմ էլ գլուխ գովում, թե իր մեջքն ամուր է եւ, որ իրեն որեւէ մեկը թարս նայել չի կարող:

Հրապարակումից հետո ակնկալվում էր, որ Դիլիջանի քաղաքապետը և իրավապահները կսկսեն զբաղվել խնդրով և, առնվազն, բացատրություն կտան կամ կպահանջեն «ՍԱՈՒՆԱՆ ՎԵՐԱԴԱՐՁՆԵԼ ՄԱՆՈՒԿՆԵՐԻՆ» (Детям мороженое, бабе цветы):

Սակայն, չուշացավ «Իրավունքի» հաջորդ հրապարակումը։

Պարզվում է, հրապարակումից հետո կրքերն ավելի են թեժացել։  Մասնավորապես, «Իրավունքին» հասած տեղեկությունների համաձայն, հրապարակումից անմիջապես հետո Դիլիջանի մանկական մարզադպրոց է այցելել Դիլիջանի համայնքապետ Դավիթ Սարգսյանը եւ իր “թեւի տակ” առել տնօրենին: Ըստ աղբյուրի, համայնքապետը հայտարարել է, որ գտնելու են մամուլին տեղեկությունը փոխանցած աղբյուրին ու պատժեն: Այն դեպքում, երբ ակնկալվում էր, որ պարոն համայնքապետն առնվազն պետք է ի պաշտոնե սկսեր քննել հրապարակման մեջ տեղ գտած ահազանգը եւ վեր հանել ողջ իրականությունը: Նաեւ, ինչու ոչ, օրենքով սահմանված կարգով պատժեր մեղավորներին, եթե հաստատվեին ահազանգում տեղ գտած խնդիրները:
Իրականությունը բազմակողմանի ներկայացնելու, լուրի իսկությունը պարզելու նպատակով «Իրավունքի» լրագրողը նախ փորձել է կապ հաստատել Դիլիջանի մանկական մարզադպրոցի տնօրենի հետ, սակայն հեռախոսազանգերը մնացել են անպատասխան։  Իսկ հետո Դիլիջանի հայտնի համայնքապետ Դավիթ Սարգսյանը (ում մասին մամուլը բազմաթիվ հրապարակումներ է արել)  հարցն ամբողջությամբ լսելուց հետո արձագանքել է, որ ինքը զբաղված է եւ որ իրեն հարմար չի խոսել: Հարցին, թե երբ կազատվի, տվել է պատասխան. “Չգիտեմ, հանդիպումների եմ”:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն