Շուշիի կարգավիճակի հստակեցումը բանակցությունների առարկա է. Շահան Գանտաարյան

Ադրբեջանում Միացյալ Նահանգների, Ռուսաստանի Դաշնության և Ֆրանսիայի դեսպանները մերժել են Բաքվի առաջարկը` այցելել Շուշի։ Այս մասին «Արմենպրես»-ին տված հարցազրույցում ասաց լիբանանյան «Ազդակ» թերթի գլխավոր խմբագիր Շահան Գանտաարյանը:

«Առաջին հերթին ակնհայտ է, որ մերժումը համաձայնեցվել է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահող երկրների կողմից: Այս քայլը նշանակում է, որ միջնորդ երկրները դեռ բանակցությունների առարկա են համարում Շուշիի կարգավիճակի հարցը: Այցը կլինի ընդունելություն կամ իրական համաձայնություն Շուշին համարել Ադրբեջանի տարածք, որից այս երեք երկրները խուսափում են: Հրավերի մերժումը նշանակում է, որ համանախագահները մտադիր են վերսկսել իրենց միջնորդական առաքելությունը, և այս իմաստով Շուշիի կարգավիճակի հստակեցումը բանակցությունների առարկա է: Կարծում եմ, որ սա ոչ միայն Շուշիի կարգավիճակի, այլ նաև Արցախի տարածքային ամբողջականության հարցն է` ԼՂԻՄ տարածքի տեսանկյունից»,-  ընդգծեց Շահան Գանտաարյանը:

«Ազդակ» թերթի գլխավոր խմբագիրը տեսնում է մեկ այլ ուշագրավ խնդիր: Ըստ նրա, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի այցը Շուշի, և Անկարա-Բաքու նոր ռազմավարական կետերի մասսայականացումը հակասում են Ռուսաստանի կողմից Հարավային Կովկասում նոր ռազմաքաղաքական ստատուս-քվո հաստատելու քայլերին:

«Մոսկվայի և Անկարայի մոտեցումների միջև արդեն նկատելի տարբերություն կա, եթե ոչ հակասություն: Այս հաղորդագրությունները, թերեւս, նախապայմաններ են` համանախագահության միջնորդական ձևաչափը վերսկսելու և ոչ միայն Շուշիի, այլև ԼՂԻՄ գրավյալ տարածքների կարգավիճակի հարցը բանակցություններում ներառելու համար: Համանախագահող երկրների դեսպանների համաձայնեցված մերժման մեջ կա բանակցությունների և սկզբունքների կետերը վերանայելու միտում և այն` օրակարգի հրամայական դարձնելու ցանկություն »,- եզրափակեց Շահան Գանտաարյանը:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն