Սյունիքի մարզպետի տղայի նկատմամբ հետախուզում է հայտարարվել. ՔԿ մամուլի խոսնակ

Գորիսում օրեր առաջ հնչած կրակոցների գործով Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի որդու՝ Կարեն Պողոսյանի նկատմամբ հետախուզում է հայտարարվել։ Միջնորդություն էր ներկայացվել նաև Կարեն Պողոսյանին կալանավորելու վերաբերյալ։

Ըստ Քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանի՝ «Այսօր դատարանը բավարարել է ներկայացված միջնորդությունը»: Պողոսյանը որպես մեղադրյալ է ներգրավվել ՀՀ ՔՕ 34-104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերի (սպանության փորձ, որ կատարվել է շատերի կյանքի համար վտանգավոր եղանակով) և ՀՀ ՔՕ 235-րդ հոդվածի 1-ին մասով (Ապօրինի կերպով զենք-զինամթերք ձեռք բերելը, կրելը կամ փոխադրելը): Հիշեցնենք, որ զինված միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 13-ին՝ ժամը 01:00-ի սահմաններում, Գորիս քաղաքի Գետափնյա և Գարեգին Նժդեհի փողոցների հատման խաչմերուկում: Ենթադրյալ հանցագործություն կատարած անձինք, բացահայտ անհարգալից վերաբերմունք դրսևորելով մոտակա շենքերի բնակիչների նկատմամբ, կրակոցներ էին արձակել Գորիս քաղաքի երկու բնակիչների ուղղությամբ՝ պատճառելով մարմնական վնասվածքներ: Ըստ շրջանառվող լուրերի միջադեպի մասնակից է եղել նաև Սյունիքի նախկին մարզպետ Լիսկա մականվամբ հայտնի Սուրիկ Խաչատրյանի որդին՝ Տիգրան Խաչատրյանը, ով այս գործով, ըստ ՔԿ խոսնակի, որևէ կարգավիճակ չունի։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն