«Թալիբան» շարժումը կրկին հետաձգեց Աֆղանստանի նոր կառավարության կազմի հայտարարումը

«Թալիբան» շարժման ներկայացուցիչներն Աֆղանստանում նոր կառավարության ձևավորումը տեղափոխել են հաջորդ շաբաթ: Այս մասին հայտարարել է շարժման պաշտոնական ներկայացուցիչ Զաբիուլլահ Մուջահիդը։ Ակնկալվում էր, որ թալիբները սեպտեմբերի 4-ին կհայտարարեն Քաբուլի նոր ղեկավարության ձևավորման մասին։ Ամենայն հավանականությամբ այն կղեկավարի մոլլա Աբդուլ-Գանի Բարադարը` հայտնում է Times of India-ն։

Օգոստոսի 15-ին Քաբուլի գրավումից հետո, թալիբներն արդեն երկրորդ անգամ են հետաձգում նոր կառավարության ձեւավորումը:

«Նոր կառավարության և կառավարության անդամների հայտարարությունը կարվի հաջորդ շաբաթ»,-  ասել է Մուջահիդը ՝ առանց հաղորդելու մանրամասները:

Օգոստոսի 28-ին նա հայտարարել էր, որ մոտ օրերս «Թալիբան»-ը կհրապարակի նախարարների ամբողջական կազմը: Շարժման խոսնակն ասել էր, որ առանցքային ոլորտների ղեկավարներն արդեն նշանակվել են, ներառյալ առողջապահության և կրթության նախարարությունները, ինչպես նաև Կենտրոնական բանկը:

Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին թալիբները գրավեցին Քաբուլը և հայտարարեցին վերահսկողություն ամբողջ Աֆղանստանի վրա: Նույն օրը նախագահ Աշրաֆ Գանին լքեց երկիրը: «Թալիբան» շարժման ներկայացուցիչը հայտնել է, որ Աֆղանստանում կստեղծվի հատուկ հանձնաժողով, որը կմշակի սահմանադրության նոր նախագիծը:

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն