Թալիբները գրավել են Աֆղանստանի Ուրուզգան նահանգի մայրաքաղաքը

«Թալիբան» շարժման գրոհայինները գրավել են Աֆղանստանի կենտրոնական Ուրուզգան նահանգի մայրաքաղաք Տարինկոտ քաղաքը: Թալիբների հայտարարությամբ՝ նահանգի մայրաքաղաքը, ոստիկանական բաժանմունքը և բոլոր հաստատությունները գտնվում էին իրենց լիակատար վերահսկողության տակ:

Տեղի երկու պատգամավորները հաստատել են այս տեղեկությունը Associated Press-ին: Նրանցից մեկի խոսքով ՝ նահանգի նահանգապետը մեկնել է օդանավակայան և նախատեսում է թռչել Քաբուլ:

Աֆղանստանում կառավարական ուժերի և թալիբների միջև առճակատումը շարունակվում է մի քանի տարի։ «Թալիբանը» վերջին ամիսներին գրավել է զգալի տարածքներ գյուղական և սահմանամերձ շրջաններում և հարձակում սկսել մեծ քաղաքների վրա: Լարվածությունը սկսվել է Աֆղանստանից ամերիկյան զորքի դուրսբերումից հետո։

Օգոստոսի սկզբին թալիբները 2016 թվականից ի վեր առաջին անգամ գրավեցին Աֆղանստանի 34 նահանգներից մեկի վարչական կենտրոնը: Դրանից հետո նրանք հայտարարեցին ավելի քան ևս տասի գրավման մասին, բախումները շարունակվում են:

Այս համապատկերում արևմտյան ԶԼՄ-ներում հայտնվեցին տեղեկություններ` ԱՄՆ հետախուզության աղբյուրներին հղումով, որ թալիբները կարող են ամիսներ շարունակ արգելափակել և նույնիսկ վերահսկողություն հաստատել Քաբուլի վրա: Աֆղանստանի մայրաքաղաքում Ռուսաստանի դեսպանատունը, մեկնաբանելով այս տվյալները, ՌԻԱ Նովոստիին հայտնել է, որ տարհանում դեռ ծրագրված չէ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն