Թուրքիան կկառավարի Քաբուլի օդանավակայանը՝ ՆԱՏՕ-ի հետ գործարքի շրջանակներում

Թուրքիայի կառավարությունը համաձայնություն է տվել իր վրա վերցնելու Քաբուլի միջազգային օդանավակայանի կառավարման պատասխանատվությունը՝ ՆԱՏՕ-ի հետ 130 մլն դոլար արժողությամբ՝ գործարքի շրջանակներում։ Այդ մասին տեղեկացրել է Աֆղանստանի կառավարությունը՝ անգլալեզու The National թերթում (տպագրվում է Արաբական Միացյալ Էմիրություններում)։Դա տեղի է ունենում ամերիկյան զորքի դուրսբերման համապատկերում, երբ չկա Համիդ Քարզայի անվան օդանավակայանից թռիչքների անվտանգության երաշխիք և համոզվածություն։

The National-ի տվյալներով՝ մանրամասները և գործարքի կոնկրետ ժամանակացույցը չի հրապարակվում։ Հայտնի է,որ Աֆղանստանի գլխավոր օդակայանն անցնում է Թուրքիայի հսկողության տակ։ Աֆղանստանի քաղաքացիական օդագնացության վարչությունն անցյալ ամիս դիմել է ՆԱՏՕ-ին՝ օդագնացության հսկողությունը փոխանցելու խնդրանքով, քանի որ փորձագետների կարծիքով՝ տեղի կառավարությունը չի կարող ապահովել թռիչքների իրականացումը` ամերիկյան զորքերի դուրս բերումից հետո։

Կառավարարության անանուն պաշտոնյան մայիսին հայտարարել է, որ Աֆղանստանը հնարավորություն չունի կառավարելու օդանավակայանները, քանի որ նման փորձ չունի։ Աֆղանստանի հարցերով՝միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբան Էնդրյու Ուոթքինսը The National հրատարակությանն ասել է, որ Թուրքիայի հետ գործարքը բազմաթիվ միջազգային կառավարությունների և դոնորների նյարդերը կհանգստացնի, սակայն բազմաթիվ հարցեր մնում են բաց։

«Աֆղանական իշխանությունների տեղեկատվությունում անվտանգության վերաբերյալ կան բազմաթիվ բացթողումներ, որոնք վերաբերում են ստուգման ընթացակարգերին և մաքսանենգության դեմ պայքարին, կոռուպցիայի տարածվածության պայմաններում՝ պայմանագրերի կնքման արդար գործընթացներին»,- ասել է նա։

Ուոթքինսը նաև տեղեկացրել է The National հրատարակությանը, որ Աֆղանստանը չի ունեցել քաղաքացիական օդագնացութունն ընդլայնելու հնարավորություններ, քանի որ 2002 թվականից օդային տարածքներում երթևեկությունը կառավարել է ՆԱՏՕ-ի ռազմական շտաբը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն