ԱԺ խմբակցությունները պետք է առաջին հերթին դադարեցնեն ռազմական դրության ռեժիմը

Երեկ Փաշինյան — Ծառուկյան հանդիպումից հետո հայտարարվեց, որ ս.թ. հունիսի 20-ին տեղի կունենան արտահերթ խորհրդարանական ընտրություններ։

Իհարկե որոշ քաղաքական և հասարակական գործիչներ կասկած են հայտնում, որ այդ ընտրությունները տեղի կունենան և պնդում են, որ սա ինչ-որ աղետից հերթական անգամ շեղելու և իշխանության կյանքը երկարաձգելու նպատակով է հայտարարվել։

Սակայն մենք կլինենք ավելի պրակտիկ և կքննարկենք այն տարբերակը, երբ տեղի կունենան այդ ընտրությունները։

Համաձայն ՀՀ Ընտրական Օրենսգրքի 104 հոդվածի.

1. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններն անցկացվում են Ազգային ժողովն արձակվելուց ոչ շուտ, քան 30, և ոչ ուշ, քան 45 օր հետո:

2. Ազգային ժողովի արտահերթ ընտրություններ նշանակելու մասին Հանրապետության նախագահը հրամանագիր է հրապարակում Ազգային ժողովն արձակելու մասին հրամանագրի հետ միաժամանակ:

Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ ՀՀ ԱԺ-ն պետք է արձակվի մայիսի 6-21-ն ընկած ժամանակահատվածում, ինչի համար Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական ներկայացնի ապրիլի 22-ից — մայիսի 7-ն ընկած շրջանում։

«Փաստարկի» հարցին ի պատասխան, թե վարչապետ Փաշինյանն ինչով է զբաղվելու մինչև ապրիլի ավարտն ընկած ժամանակահատվածը, իշխանությանը մոտ մեր աղբյուրը պատասխանեց, որ ամենայն հավանականությամբ Նիկոլ Փաշինյանը ավարտին կհասցնի ընտրական նոր օրենսգրքի ընդունումը, որի համաձայն մեծամասնական ընտրակարգը կփոխարինվի համամասնականով։

Ներկա պահին Հայաստանի Հանրապետությունում ռազմական դրություն է և վարչապետը չի կարող հրաժարական ներկայացնել, իսկ ԱԺ-ն չի կարող արձակվել։

Հետևաբար, եթե իշխանությունների այսօրվա հայտարարությունը ընտրությունների գնալու մտադրության մասին իրական է, ապա ԱԺ խմբակցությունները պետք է առաջին հերթին դադարեցնեն  ռազմական դրության ռեժիմը։

Իսկ ի՞նչ կլինի, եթե հանկած թշնամին նոր պատերազմ սանձազերծի … մեր աղբյուրը պատասխան չուներ։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն