«Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպման ընթացքում ինձ փորձում էին համոզել, որ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ սխալ չի իր վարած քաղաքականության մեջ». Նաիրի Հոխիկյան

«Խաչատուր Սուքիասյանի հետ մենք հանդիպում ունեցել ենք, այդ հանդիպումն ընթացել է էթիկայի բոլոր կանոններին համաձայն: Ոչ ոք չի փորձել ինձ սպառնալ, առավել ևս՝ պահանջներ ներկայացնել: Հանդիպման ընթացքում քննարկվել են բազմաթիվ և բազմակողմանի հարցեր: Ինձ փորձում էին համոզել, որ Նիկոլ Փաշինյանն այնքան էլ սխալ չէ իր վարած քաղաքականության մեջ, բայց դա ոչ պահանջ էր, ոչ էլ առաջարկ, այլ, պարզապես, կարծիքների փոխանակում: Դա անձնական բնույթի հանդիպում է եղել՝ ոչ հրապարակային: Բոլորը լավ գիտեն, որ, եթե հանկարծ, փորձեն ինձ սպառնալ, ավելի վատ կլինի իրենց համար: Այս պահին, սակայն, նպատակահարմար չեմ համարում հրապարակել այդ հանդիպման բոլոր մանրամասները,- ասում է լրագրող Նաիրի Հոխիկյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցի ընթացքում` անդրադառնալով այսօր տարածված լուրերին, թե ինքը հանդիպել է գործարար Խաչատուր Սուքիասյանի հետ, ով վերջինիցս պահանջել է այլևս չքննադատել Նիկոլ Փաշինյանին:

Լրագրող Նաիրի Հոխիկյանը նշում է՝ Խաչատուր Սուքիասյանից բացի, ինքն ամենօրյա ռեժիմով բազմաթիվ հանդիպումներ է ունենում ամենատարբեր մարդկանց, այդ թվում նաև՝ քաղաքական գործիչների հետ, որի ընթացքում քննարկվում են ամենատարբեր բնույթի հարցեր. «Այդ հանդիպումների ընթացքում ես տարբեր տեսակի առաջարկներ եմ ստանում, այդ թվում նաև՝ չքննադատել այս կամ այն քաղաքական գործչին: Ինչ վերաբերում է Խաչատուր Սուքիասյանի հետ հանդիպմանը, ապա դա տեղի է ունեցել հունվար ամսին, չգիտեմ, թե ինչո՞ւ է այդ մասին մամուլն աղմուկ բարձրացնում այսօր: Եթե մարդիկ հետևում են իմ մասնագիտական գործունեությանը, ապա անպայման նկատած կլինեն, որ, հունվար ամսից առ այսօր, իմ մոտեցումը Նիկոլ Փաշինյանի վարած քաղաքականության վերաբերյալ որևէ փոփոխության չի ենթարկվել: Ես այն համարում եմ առնվազն և մեղմ ասած՝ ձախողված և շարունակում եմ մնալ այդ կարծիքին»,- ասում է Նաիրի Հոխիկյանը:

Հեղինակ՝ Նվարդ Մանվելյան

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն