Անհնար էր ապրել այս համայնքում ու զինվորական գործի մաս չկազմել. Դավիթ Ղուլունց

«Փաստարկ» լրատվականը օրերս անդրադարձել էր հոկտեմբերի 17-ին «Տեղ» խոշորացված համայնքում կայանալիք ընտրություններին։

Խոսել էինք 2 թեկնածուներից «Ապրելու երկիր» կուսակցության ներկայացուցիչ Արգամ Հովսեփյանի և համայնքի մի քանի բնակիչների հետ։ Տեղի համայնքապետարան կատարած բազմաթիվ զանգերը անպատասխան էին մնացել։

Համայնքի բնակիչները «Փաստարկ» լրատվականին հայտնել էին, թե «ՔՊ» կուսակցության ներկայացուցիչ Դավիթ Ղուլունցը չունի բարձրագույն կրթություն, չի ծառայել բանակում, ռազմական գործողությունունների ժամանակ չի գտնվել համայնքում։ Միևնույն ժամանակ գյուղացիները նշել էին, որ նա զբաղվում է բիզնեսով, գյուղում ունի մթերային խանութ, Երևանում` տուն և բիզնես։ Նշում էին, որ Ղուլունցի միակ առավելությունն այն է, որ Սյունիքի մարզպետ Մելիքսեթ Պողոսյանի քրոջ որդին է։

Անշուշտ, «Փաստարկ» լրատվականը կրկին փորձեց կապ հաստատել «ՔՊ» թեկնածու Դավիթ Ղուլունցի հետ` գյուղացիների հայտարարությունների վերաբերյալ պարզաբանում ստանալու համար։

«Իմ մասին հերյուրանքներ են պատմել, ամբողջը սուտ է,- պատասխանեց Տեղ համայնքի ղեկավարի ԺՊ-ն,- Այն որ ես մարզպետի քրոջ որդին եմ, առավել ևս` ամենանայն պատասխանատվությամբ պիտի մոտենամ ցանկացած գործի։ Բնականաբար` ունեմ բարձրագույն կրթություն, սովորել եմ Գորիսի Պետական Համալսարանում։

Անհնար էր ապրել այս համայնքում ու զինվորական գործի մաս չկազմել։ Ես ծառայել եմ հենց մեր համայնքի զորամասում. նախկինում Տեղում զորամաս կար։ Ինչպե՞ս կարելի է ասել, թե ես դիրքերում չեմ եղել, զինվորների կողքին ինչպե՞ս կարող էին չկանգնել։ Ես եղել եմ համայնքում, ջոկատով մեկնել եմ Ջաբրայիլի շրջան։ Ընդ որում այն շրջան, որտեղ դիրքից փախել է իմ քաղաքական հակառակորդ Արգամ Հովսեփյանը։ Երբ մայիսին հակառակորդը մխրճվել է մեր համայնք և տարել է կոմբայնը և թույլ չէին տալիս, որ գյուղացիները իրենց դաշտից օգտվեն, ես և զինվորականները եղել ենք դիրքերում։ Զինվորականները չէին թողնում, որ ադրբեջանցիներին գերի վերցնենք։ Բայց մի բան էլ կար. թուրքը հենց գալիս էր, ասում էր Արգամին կանչենք։ Դե դա էլ իրեն հարցրեք, թե խի՞ էր թուրքն իրեն կանչում։

44-օրյա պատերազմի ժամանակ համայնքի դպրոցի տնօրենի օժանդակությամբ տեղահանված բազմաթիվ արցախցիների ապաստանի խնդիրն ենք կարգավորել։ Ես՝ իմ փռում հաց եմ թխել ու դիրքեր տարել։ Սա չեմ արել նրա համար, որ հիմա Ձեզ պատմեմ։ Իմ հայմայնքն էր` պիտի անեի: Ուղղակի մի քանի բան ասեցի իմ արածներից։ Որ Ձեզ ասել են, թե գյուղում խանութ ունեմ, ասեմ` մեկ խանութ չունմ, այլ երկու մթերային խանութ, բայց դրանցով զբաղվում է կինս: Երևանում տուն ունեմ, բայց բիզնես չունեմ։ Խնդրում եմ, եկեք մի հատ բնակիչներին հարցրեք, թե ես ինչ եմ արել իրենց համար, ինչպիսի մարդ եմ։ Արգամի հետ վատ հարբերություններ չեմ ունեցել, իրեն վարկաբեկող ոչինչ չեմ ասի»,- եզրափակեց Ղուլունցը` մաղթելով հաջող ընտություններ։

«Թուրքը Արգամից վախում է»,- «Փաստարկ» լրատվականի հարցին ի պատասխան մեզ պատմեցին գյուղացիները։ Իսկ թե ինչու է թշնամին հենց Հովսեփյանին խնդրել բանակցել, գյուղի մի քանի բնակիչ ասաց, որ Հովսեփյանը բարձր հեղինակություն ունի, իր խոսքը հարգվում է և հիշեցրեցին Արավուս գյուղում թշնամու կողմից գերեվարված հովվի դեպքը։

«Փաստարկ» լրատվականը խոշորացույցով հետևելու է նախընտրական քարոզարշավին և հրապարակելու է միայն փաստեր։

Սյունիքն այսօր վտանգված է և բոլորս ենք պարտավոր մասնակցել Սյունիքի ինքնապաշտպանությանը`մեր ոլորտում։

Սպասենք զարգացումների։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն