Երևանի կենդանաբանական այգին այսուհետ ունի կառավարման խորհուրդ, որի հիմնական նպատակն է՝ մշակել զարգացման ռազմավարությունը, քաղաքապետին ներկայացնել մասնագիտական առաջարկություններ այգու գործունեության հիմնական ուղղությունների մասին, նաև վերահսկողություն սահմանել տնօրենի գործունեության նկատմամբ:
Խորհրդի նիստում հաստատվել է աշխատակարգը, քննարկվել այգու հիմնախնդիրներն ու գործունեությանն առնչվող մի շարք հարցեր: Մասնավորապես նշվել է, որ կձևավորվեն աշխատանքային խմբեր ըստ ենթաոլորտների՝ բնապահպանություն և գիտություն, իրազեկում և կրթություն, այգու կառուցվածք, կենդանաբուժություն, կենդանաբուծություն:
Նիստի ընթացքում փակ քվեարկությամբ կառավարման խորհրդի նախագահ է ընտրվել Բնության համաշխարհային հիմնադրամի հայաստանյան գրասենյակի տնօրեն, կենսաբանական գիտությունների թեկնածու Կարեն Մանվելյանը, փոխնախագահ՝ ՀՊՄՀ կենսաբանության, քիմիայի և նրանց դասավանդման մեթոդիկայի ամբիոնի վարիչ, կենսաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Սամվել Պիպոյանը:
Խորհրդի կազմում ընդգրկված են նաև Երևանի ավագանու անդամներ, շրջակա միջավայրի նախարարության, ինչպես նաև անասնաբուժության, կենսաբանության ոլորտների առաջատար մասնագետներ, պրոֆեսորներ, փորձագետներ ու այգու աշխատակիցներ:
Կառավարման խորհուրդը կշարունակի իր աշխատանքը՝ մշտապես ուշադրության կենտրոնում պահելով այգու խնդիրներն ու առաջնահերթությունները: