Ինչպես են քաղաքական ուժերը սկսել քարոզարշավը

Մեկնարկել է ԱԺ արտահերթ ընտրությունների քարոզարշավը: Թեև որոշ  կուսակցություններ և դաշինքներ քաղաքացիների հետ հանդիպումները սկսել էին ավելի վաղ, այսօր բոլորն են մեկնարկ հայտարարել: “Փաստարկ” լրատվականը հետևել է, թե ով ինչպես է սկսել քարոզարշավը:

«Լուսավոր Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսեց Ագարակից և Երևանից: Կուսակցության առաջնորդ Էդմոն Մարուքյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ քաղաքացիական պատերազմի վտանգ կա։ Այն կկանխվի, եթե իրենք հավաքեն ձայների 40 տոկոսից ավելին և զսպեն հրահրող կողմերին:

«Հայաստան» դաշինքը քարոզարշավը սկսել է Ագարակից, ապա այցելել Մեղրի, Քաջարան, իսկ օրը կավարտվի հանրահավաքով` Կապանի Նժդեհի հրապարակում։ Դաշինքը գլխավորող Ռոբերտ Քոչարյանը հայտարարեց, որ եթե այս պայքարի մեջ չմտներ, իրեն դասալիք կհամարեր:

«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունն էլ Արմավիրի մարզում էր: Ինչպես յուրաքանչյուր հանդիպում այս մեկի ընթացքում էլ ՔՊ առաջնորդը միջադեպերից զերծ չմնաց: Նախ Փաշինյանը քարոզարշավ էր անում աշխատանքային ժամին,որն օրենքով արգելված է, ապա նրա անվտանգության աշխատակիցները ծեծի ենթարկեցին «Նիկո՛լ դավաճան» բղավող քաղաքացուն:

«Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը քարոզարշավը սկսելու է Կոտայքի մարզից, 18:00-ին կլինեն Աբովյանի բարեկամության հրապարակում, իսկ 19:00-ին` Նոր Հաճնում:
«Հայոց Հայրենիք» կուսակցությունը վաղ առավոտից Տավուշի մարզում է: Ինչպես նախապես հայտարարել էր կուսակցության վարչապետի թեկնածու Արտակ Գալստյանը, քարոզարշավի համար նախատեսված գումարներն ուղղում են սահմանամերձ բնակավայրերի ամրացմանը։ Պոստերներ, ցուցանակներ ու գովազդներ չեն տեղադրելու։ Ընդ որում կուսակցությունն այդ գործընթացը սկսել էր ավելի վաղ՝ մինչ քարոզարշավի մեկնարկը:

«Շիրինյան-Բաբաջանյան ժողովրդավարների» դաշինքն էլ քարոզարշավը մեկնարկել է ՔՊ-ի օրինակով՝ հանդիպումները սկսել են քաղաք Էջմիածնից:

«Պատիվ ունեմ» դաշինքը ևս Տավուշի մարզում էր:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն