Բարձրաստիճան պետական պաշտոնյաներից ոչ ոք ներկա չի գտնվել այսօր Հարության տոնի առիթով մատուցված Սուրբ պատարագին

Այսօր Հայ Առաքելական Սուրբ եկեղեցին նշում է Տիրոջ հրաշափառ Հարության տոնը, որը վերհառնումի, մեղքի ու մահվան հանդեպ հաղթությունը խորհրդանշող  ծիսակարգ է։

Հրաշափառ Հարությամբ մեր Տերը մարդկությանը պարգևեց գողգոթաներից հառնելու, մահին հաղթելու և հավիտենական կյանք ժառանգելու երկնային շնորհը։

Երևանի Սբ. Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մատուցված Հայրապետական Սուրբ պատարագին, սակայն, բարձրաստիճան պետական պաշտոնյաներից ոչ ոք ներկա չի եղել։ Սա, թերևս, անկախ Հայաստանի պատմության մեջ եզակի իրողություն է, երբ երկրի և պետության համար գլխավոր եկեղեցական ծիսաարարողակարգային Հարության տոնին, պետությունը ներկայացնող բացառապես որևէ պետական բարձրաստիճան պաշտոնյա ներկա չի գտնվում։

Ավելի վաղ, ՀՀ-ում վարչապետ աշխատող անձը հայտարարել էր, որ ապրիլի 7-ին՝ Մոսկվա կատարելիք այցով պայմանավորված, ինքն աշխատանքային ինքնամեկուսացման ռեժիմի է անցել, ինչի արդյունքում, վերջինս ներկա չի գտնվելը ո՜չ լեգենդար զորահրամանատար, գեներալ – մայոր Արկադի Տեր- Թադևոսյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններին, ո՜չ եկեղեցական ամենագլխավոր արարողությանը՝ Տիրոջ հրաշափառ Հարության տոնին նվիրված պատարագին։

Թե ինչո՞ւ, հատկապես, աղետաբեր և ողբերգական վերջին պատերազմից հետո, Տիրոջ հրաշափառ Հարության տոնի առիթով մատուցված հայրապետական Սուրբ պատարագին ներկա չէին պետական բարձրաստիճան մյուս ղեկավարները՝ «Փաստարկ» լրատվականը զերծ կմնա որևէ մեկնաբանությունից՝ բոլոր տեսակի հետևությունները թողնելով ընթերցողի դատին։

Իմաստնություն և լայնախոհություն մաղթելով բոլորին, ավետենք՝

Քրիստոս յարեաւ ի մեռելոց,

Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն