«Այն, ինչ մեզ հետ կատարվել է՝ ամենամեծ ողբերգությունն է 1915 թվականից հետո». Ռաֆայել Հովհաննիսյան

Հայտնի պրոդյուսեր, «Մերոնք» և «Օտար ամայի ճամփեքի վրա» հաղորդաշարերի հեղինակ և վարող Ռաֆայել Հովհաննիսյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել, որով անդրադարձել է վերջին շրջանում ներքաղաքական կյանքում տեղի ունեցող ցավալի իրողություններին։ Գրառման մեջ մասնավորապես ասվում է.

«Հարգելի ընկերներ, ամփոփելով վերջին 6 ամիսների իրադարձությունները, ուզում եմ ասել հետևյալը՝ մի անգամ էլ ասեմ ու, այլևս չկրկնվեմ, որպեսզի չհոգնեցնեմ ձեզ իմ մտքերով.

Այն, ինչ մեզ հետ կատարվել է, ինձ համար ամենամեծ ողբերգությունն է՝ 1915 թվականից հետո։ Այս իշխանությունը պիտի հեռանա, կատարվածի մեջ մեղավորները պիտի պատժվեն։ Նիկոլ Փաշինյանի իշխանության յուրաքանչյուր օրը մեր երկրին նոր փորձություններ է բերում։ Ամբողջ աշխարհում մենք դարձել ենք հեգնանքի առարկա։ Հայաստանն, այլևս, չի ընկալվում որպես պետություն։

Մենք իրավունք չունենք կառուցել հայ ֊ թուրքական հարաբերություններ հիմա, երբ Եռաբլուրում դեռ հուղարկավորվում են հայ զինվորները՝ թուրքերի կողմից սպանված զինվորները։ Միգուցե, տարիներ անց, բայց ոչ հիմա։

Թուրքիան և Ադրբեջանն իմ թշնամիներն են, որովհետև մեր երկրին պատերազմ են հայտարարել և այդ պատերազմում սպանել են 5000 -ից ավել հայ, 10.000 -ից ավելի երիտասարդ դարձրել են հաշմանդամ և տասնյակ հազարավոր հայրենակիցներիս՝ թողել առանց տուն։ Ու, նաև այն պատճառով, որ մինչև հիմա չեն վերադարձրել մեր ռազմագերիներին։ Ի տարբերություն Հայաստանի իշխանության, նրանք չեն պատրաստվում մեզ հետ բարեկամություն անել։ Թուրքերը միայն մի նպատակ ունեն՝ Հայաստանի և հայերի ոչնչացումը։ Ինձ համար սա ակնհայտ և բացահայտ է։ Ու ես համոզված եմ, որ դա չեն ընդունում կամ հիմարները, կամ դավաճանները, կամ ազգի թշնամիները։

«AstraZeneka» կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը վտանգավոր է։ Դրանից տարբեր երկրներում մահացել են բազմաթիվ մարդիկ և շատ պետություններ հրաժարվել են այդ դեղամիջոցից։ Մենք իշխանություններին պետք է ստիպենք, որպեսզի նրանք շատ արագ Հայաստան բերեն անվտանգ և էֆեկտիվ պատվաստանյութ ու ավարտեն կորոնավիրուսային այս մղձավանջը, ինչի հետևանքով մահացածների թիվն արդեն 5000 -ի է հասնում։

Մենք բոլորս ՊԱՐՏԱՎՈՐ ենք ապրիլի 24 ֊ ին այցելել Ծիծեռնակաբերդ, ապացուցելու, որ հիշում և պահանջում ենք, որ հնարավոր չէ ջնջել և ջուրը գցել հայ ազգի 105 տարվա պայքարը։ Դիմակներով և սոցիալական հեռավորությունը պահպանելով պիտի գնանք։ Անպայման։

Մենք պետք է արթնանանք և տեր կանգնենք մեր պետությանը։ Մենք չպետք է անտարբեր նայենք և սպասենք մինչև այն դառնա թուրքական վիլայեթ կամ ռուսական մարզ։ Մենք պետք է ամեն ինչ անենք, որ Հայաստանը անկախ հանրապետություն մնա։

Բոլորի Զատիկը շնորհավոր։ Քրիստոս հարյավ ի մեռելոց…»,- գրում է Ռաֆայել Հովհաննիսյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն