Ադրբեջանում դեռ Արցախյան առաջին պատերազմից հետախուզվում են շատ հայ սպաներ. փորձագետ

Ադրբեջանի հանրապետությունը Սյունիքի մարզի Գորիս-Կապան ճանապարհի հատվածում ոստիկանական անցակետ է տեղադրել։ ՀՀ ԱԱԾ-ից հայտնում են, որ անցակետի տեղադրումը ոչ թե Որոտանում է, այլ ադրբեջանական տարածքում։ Ստացվում, որ արտառոց ոչինչ չկա՝ ադրբեջանցիներն իրենց սուվերեն տարածքում են։

Իսկ Սյունիքում, ինչպես միշտ, ապագա կա՛, կա՛ ապագա։
ՀՀ իշխանությունը կարծես որոշել է. ինչպես Սև լիճ 20 տոկոսի, այնպես էլ 4,5 կմ ճանապարհի համար հայկական կողմը ռազմական գործողությունների չի դիմի։

Ռազմական փորձագետ Վան Համբարձումյանը «Փաստարկ» լրատվականի հետ զրույցում անդրադարձավ անցակետի տեղադրման ռազմավարական խնդիրներին։

«Նոյեմբերի 9-ի համաձայնությունից հետո, ինձ համար արդեն պարզ էր, որ այդ ճանապարհը հայտնվելու է Ադրբեջանի վերահսկողության տակ և հորդորում էի այլընտրանքային ճանապարհ կառուցել։ Թեև հայտարարության մեջ նշված չէր, որ ճանապարհը մերը չէ, բայց ես վստահ էի, որ Ադրբեջանը վերցնելու է այն։ Կառավարության համար դա ևս անակնկալ չէր։ Այդ ճանապարհով է սնուցվում Սյունիքի մի հատվածը, այն Հայաստան — Իրան բեռնափոխադրման կապուղին է։ Նիկոլ Փաշինյանի առաջարկած այլընտրանքային ճանապարհը չի կարող ծառայել ասենք ֆուռերի և մեծ մեքենաների համար, որի միջոցով էլ զինված ուժերի ստորաբաժանումներին զինամթերք և սնունդ է մատակարարվում։ Նույնը վերաբերվում է մոտակա բնակավայրերին։ Այդ ճանապարհը կարող ենք անվանել Սյունիքի օդ։ Ճանապարհի փակվելու արդյունքում ՀՀ-ն կկանգնի հումանիտար աղետի առաջ»,- ասաց Համբարձումյանը։

Ստացվում է, որ ռազմական փորձագետը կարող էր դիտարկել, որ նոր ճանապարհի կառուցման կարիք կա, որ ռազմավարական լուրջ խնդիրներ կան, բայց մի ամբողջ իշխանական համակարգ դրա մասին սկսեց խոսել միայն այն ժամանակ, երբ ճանապարհն արդեն հանձնված է։ Թեև նոյեմբերի 9-ի հայտարարության 1-ին կետը սահմանում է, որ զորքերը պետք է կանգնեն այնտեղ, որտեղ տեղակայված են, բայց այնուամենայնիվ ԱԱԾ հայտարարությունից և վարչապետի` կառավարության նիստում հնչած ադրբեջանական անվանումներով ՀՀ տարածքների մասին խոսելն արդեն ենթադրում էր հանձնում։

Իսկ ինչ խնդիրներ կլուծի Ադրբեջանն իր համար, ինչո՞ւ ոստիկանություն, այլ ոչ թե ռազմական հենակետ։

«Օրինակ՝ Ադրբեջանում դեռ Արցախյան առաջին պատերազմից հետախուզվում են շատ հայ սպաներ, ովքեր հիմա տարբեր զորամասերի հրամանատարներ են։ Հայտնաբերելու դեպքում` ադրբեջանցի ոստիկանները կարող են նրանց ձերբակալել։ Երեկ մեր ԱԱԾ-ն հայտարարեց, որ անցակետը տեղադրված է «իրենց» տարածքում։ Հետևաբար, ԱԱԾ-ն այդ ճանապարհը համարում ենք Ադրբեջանի սուվերեն տարածք։ Ուստի, այդ տարածքում իրենք շարժվելու են իրենց օրենքներով։ Մեր զորքերի տեղափոխումը ևս այդ ճանապարհով պետք է կազմակերպվի։  Պատկերացրեք՝ զորակոչի ավարտին թույլ են տալիս զորացրումը, բայց նորակոչիկներին թույլ չեն տալիս հասնել զորամաս։ Վտանգները պատկերացնում ե՞ք։ Սա լուրջ խնդիր է։ Իսկ առաջարկված այլընտրաքային ճանապարհով հնարավոր չի լինի քարշակ մեքենաների տեղափոխումը։ Բայց սա մենք դեռ խոսում ենք ամռան ամիսների մասին։ Այլընտրանքային ճանապարհը ձմռանն ընդհանրապես անցանելի չի լինի»,- ասաց փորձագետ Համբարձումյանը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն