ԱՀԱԶԱՆԳ` նախապատրաստվող հավանական հանցագործության մասին

«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ Արթուր Գրիգորյանը և «Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ Մարինա Խաչատրյանը ՀՀ իրավապահ կառույցների ղեկավարներին հղել են «ԱՀԱԶԱՆԳ` նախապատրաստվող հավանական հանցագործության մասին», որը վերաբերվում է ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆԸ և ներկայացնում ենք ստորև։
ՀՀ Ոստիկանության պետ
Վահե Ղազարյանին
ՀՀ ԱԱԾ պետ
Արմեն Աբազյանին
ՀՀ Հատուկ Քննչական Ծառայության պետ
Սասուն Խաչատրյանին
«Ազգային Վերահսկողության Համակարգ» ՀԿ նախագահ
Արթուր Գրիգորյանից
«Առողջ Հանրություն» ՀԿ նախագահ
Մարինա Խաչատրյանից
09.09.2021թ.
ԱՀԱԶԱՆԳ` նախապատրաստվող հավանական հանցագործության մասին
Իրավապահ կառույցների հարգելի՛ ղեկավարներ,
«Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծի (հաստատվել է ՀՀ Կառավարության կողմից) և ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հանրային հայտարարությունների համաձայն` ս.թ. հոկտեմբերի 1-ից պետական և մասնավոր սեկտորի աշխատողները կա՛մ պետք է պատվաստվեն, կա՛մ պետք է հանձնեն ՊՇՌ թեսթ` որոշակի պարբերականությամբ, կա՛մ պետք է լինեն հղի և կա՛մ պետք է գործատուին ներկայացնեն պատվաստման համար հակացուցում հանդիսացող հիվանդության / վիճակի մասին բժշկական փաստաթուղթ։
Համաձայն 2020 թվականի մայիսի 6-ին ընդունված և 2020 թվականի մայիսի 30-ին ուժի մեջ մտած «Բնակչության բժշկական օգնության և սպասարկման մասին» ՀՀ օրենքի Հոդված 11-ի` Բժշկական գաղտնիքը և դրա մշակմանը ներկայացվող պահանջները.
2. Բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցում է հանդիսանում այդ տվյալները որոշակի կամ անորոշ շրջանակի անձանց փոխանցելուն կամ դրանց հետ ծանոթացնելուն ուղղված որևէ գործողություն (անգործություն), այդ թվում՝ զանգվածային լրատվության միջոցներով գաղտնիք համարվող տվյալները հրապարակելը, տեղեկատվական հաղորդակցման ցանցերում տեղադրելը կամ այլ եղանակով այլ անձի մատչելի դարձնելը:
3. Բժշկական գաղտնիք համարվող տվյալները կարող են փոխանցվել պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնությամբ, բացառությամբ օրենքով ուղղակիորեն նախատեսված դեպքերի: Բժշկական գաղտնիք համարվող տվյալների փոխանցման վերաբերյալ պացիենտի կամ նրա օրինական ներկայացուցչի համաձայնության ձևը սահմանում է լիազոր մարմինը:
4. Բժշկական գաղտնիք համարվող տվյալների տիրապետող անձը պարտավոր է պահպանել (չփոխանցել) բժշկական գաղտնիքը, բացառությամբ օրենքով սահմանված դեպքերի: Օրենքի խախտմամբ բժշկական գաղտնիքի փոխանցում համարվող գործողություն կատարելը առաջացնում է օրենքով նախատեսված պատասխանատվություն:
Համաձայն Քրեական օրենսգրքի Հոդված 145-ի` Բժշկական գաղտնիքը հրապարակելը
1. Առանց մասնագիտական կամ ծառայողական անհրաժեշտության բժշկական օգնություն և սպասարկում իրականացնող անձանց կողմից անձի հիվանդության կամ բժշկական ստուգման արդյունքների մասին տեղեկություններ հրապարակելը՝ պատժվում է տուգանքով՝ նվազագույն աշխատավարձի երկուհարյուրապատիկից հինգհարյուրապատիկի չափով, կամ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ երկուսից հինգ տարի ժամկետով, կամ կալանքով՝ մեկից երկու ամիս ժամկետով:
2. Սույն հոդվածի առաջին մասով նախատեսված գործողությունները, որոնք անզգուշությամբ առաջացրել են ծանր հետևանքներ՝ պատժվում են ազատազրկմամբ՝ առավելագույնը չորս տարի ժամկետով՝ որոշակի պաշտոններ զբաղեցնելու կամ որոշակի գործունեությամբ զբաղվելու իրավունքից զրկելով՝ առավելագույնը երեք տարի ժամկետով կամ առանց դրա:
Ս.թ. հոկտեմբերի 1-ից ՀՀ տարածքում գործող և բազմաթիվ օրենքներին, այդ թվում ՀՀ Սահմանադրությանը հակասող «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» օրենքի և ՀՀ Առողջապահության նախարարի հայտարարության պահանջներն իրականացնելու համար գործատուն` «ստուգող, վերահսկող, տեսչական կառույցին» (դեռևս չի հայտարարվել, թե որ կառույցն է իրականացնելու վերահսկողությունը) պետք է ներկայացնի ՀՀ քաղաքացիների առողջության վերաբերյալ իր պահոցում առկա փաստաթղթերը, ինչը ՀԱՆԴԻՍԱՆՈՒՄ Է ԲԺՇԿԱԿԱՆ ԳԱՂՏՆԻՔԻ ՓՈԽԱՆՑՈՒՄ ԵՐՐՈՐԴ ԱՆՁԻՆ և իր մեջ պարունակում է ՀՀ քրեական օրենսգրքի 145 հոդվածով նախատեսված հանցագործության տարրեր։
Ելնելով վերոգրյալից` խնդրում ենք Ձեզ ձեռնարկել բոլոր միջոցառումները` ՀՀ հարյուր հազարավոր քաղաքացիների նկատմամբ սույն հնարավոր հանցագործությունը կանխելու ուղղությամբ։
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն