ԱՀԿ-ն կոչ է անում վերադառնալ դիմակների ռեժիմին

COVID-19 omicron շտամի նոր տարբերակները շարունակում են տարածվել ամբողջ աշխարհում, ուստի, համաճարակի դեմ պայքարելու համար, միջազգային հանրության երկրները պետք է վերադառնան դիմակների համատարած կրման ռեժիմին: Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսը կոչ է արել վերադառնալ հակաքովիդային միջոցառումներին, հայտնում է Sky News-ը։

«Ես մտահոգված եմ, որ COVID-19-ով վարակվածների թիվը շարունակում է աճել։ Սա լրացուցիչ ճնշում է գործադրում առանց այն էլ ծանրաբեռնված առողջապահական համակարգերի և բուժաշխատողների վրա: Բացի այդ, ինձ անհանգստացնում է մահացությունների թվի աճը»,- ասել է գլխավոր քարտուղարը։

ՀՀ Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ ս.թ. հուլիսի 4-10-ը Հայաստանում իրականացվել է 5256 թեստավորում, հաստատվել է կորոնավիրուսի 354 նոր դեպք, առողջացել է 226 քաղաքացի: Մահվան դեպք չի արձանագրվել:

Այսպիսով, Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսային հիվանդության ընդհանուր 423771 դեպք, որոնցից 413043-ը՝ առողջացած:  Փաստացի բուժում է ստանում 418 պացիենտ: Ընդհանուր առմամբ, կորոնավիրուսի հետևանքով 8626 մահվան  դեպք է արձանագրվել: Ընդհանուր կատարվել է 3 142 709 թեստավորում:

Թեև ԱՀԿ-ն ահազանգ է հնչեցնում, սակայն ՀՀ առողջապահական համակարգի պատասխանատուները շարունակում են լուռ մնալ դիմակների կրման մասով և միայն քարոզել  COVID-19-ի omicron շտամի դեմ անարդյունավետ պատվաստանյութերի կիրառումը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն