ԱՄՆ պետքարտուղարը վստահ է Ուկրաինայի հաղթանակում

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը վստահություն է հայտնել, որ Ուկրաինան կհաղթի Ռուսաստանի հետ պատերազմում, որքան էլ այն տևի։ Այդ մասին պետքարտուղարը հայտարարել է երկուշաբթի օրը Վիլնյուսում՝ Լիտվայի արտգործնախարար Գաբրիելիուս Լանդսբերգիսի հետ համատեղ մամուլի ասուլիսում։

«ԱՄՆ-ը և Լիտվան խորապես հավատարիմ են ժողովրդավարությանը, մարդու իրավունքներին և օրենքի գերակայությանը: Այս արժեքները մեր ընդհանուր անվտանգության հիմքն են, որին Ռուսաստանը սպառնում է Ուկրաինայի դեմ պատերազմում»,- ասել է Բլինքենը։

Նա նշել է, որ Լիտվան՝ որպես երկիր, որը երկար տարիներ գտնվել է Խորհրդային Միության օկուպացիայի տակ, քաջ գիտակցում է ազգային ինքնիշխանության կարևորությունը։ «Վերջին տարիներին Ռուսաստանը բազմիցս քայլեր է ձեռնարկել՝ վնասելու Լիտվայի ժողովրդավարական հիմքերին, որտեղ անկախության տարիներին ձևավորվել է անկախ հասարակություն։ ԱՄՆ-ն աջակցել է Լիտվայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին»,- ասել է պետքարտուղարը։

Էնթոնի Բլինքենն ասել է, որ ԱՄՆ-ն ավելացնում է Կիևին տրամադրվող օգնությունը, որպեսզի Ուկրաինան կարողանա մեծացնել իր պաշտպանունակությունը։

«Մենք մարդասիրական օգնություն ենք տրամադրում Ուկրաինայի ժողովրդին։ Մենք ուժեղացնում ենք մեր ընդհանուր պաշտպանությունը, որպեսզի դաշնակիցները կարողանան արձագանքել պոտենցիալ սպառնալիքին: Այս պատերազմին աջակցողներին, մասնավորապես Մոսկվային, մենք կստիպենք ավելի թանկ գին վճարել»,- ասաց դիվանագիտության ղեկավարը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն