ԱՄՆ․ Ռուսաստանը և Չինաստանը փորձում են վարկաբեկել արևմտյան պատվաստանյութերը

Սպիտակ տան պաշտոնական ներկայացուցիչ Ջեն Փսակին հայտարարել է, թե ԱՄՆ-ի պետքարտուղարությունը համոզված է, որ Չինաստանը և Ռուսաստանն իրենց պատվաստանյութերն առաջ մղելու համար ապատեղեկատվություն են տարածում  արևմտյան պատվաստանյութերի մասին։ Ըստ նրա` խոսքը գնում է պատվաստանյութերի շուկայում անսովոր մրցակցության մասին։ Պետքարտուղարությունում վստահ են, որ Ռուսաստանը և Չինաստանը կանխամտածված ուռճացնում են արեւմտյան պատվաստանյութերի կողմնակի ազդեցությունները:

Բացի այդ, Պսակին ասաց, որ կեղծ պնդումներ են արվում այն ​​մասին, թե mRNA պատվաստանյութերը ձախողել են փորձարկումն ու անվտանգ չեն:

Նրա կարծիքով, Մոսկվան ու Պեկինը վարում են «պատվաստանյութերի իրենց բարդ դիվանագիտությունը», որն առաջին հերթին ուղղված է «սեփական ազդեցության ուժեղացմանը, ոչ թե կյանքերի փրկությանը»:

Ռուսաստանի իշխանությունները հերքել են պատվաստանյութերի պաշարները քաղաքականացնելու մեջ մեղադրանքները: «Մենք կտրականապես համաձայն չենք այս ձևակերպման հետ: Մենք հավատում ենք, որ, ընդհակառակը, մեր պատվաստանյութերի խթանման գործընթացը հաճախ բախվում է քաղաքականացված մոտեցման»,- ասաց ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն