Անահիտ Ավանեսյանը մասնակցել է հայ-ֆրանսիական առաջին գիտաբժշկական համաժողովին

Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանում առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը մասնակցել է Արցախի հակամարտության արդյունքում վիրավորում ստացած անձանց խնամքին նվիրված առաջին հայ-ֆրանսիական գիտաբժշկական համաժողովին:
Գիտաժողովը կազմակերպել են Ֆրանսիայի երեք հանրային հիվանդանոցային համակարգերի՝ Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնը (AP — HP), Լիոնի համալսարանական հիվանդանոցը և Լիոնի հոսպիտալի Վինատիե կենտրոնը:
Իր ելույթում առողջապահության նախարարն անդրադարձել է առողջապահական ոլորտում հայ-ֆրանսիական համերաշխությանը. «Անցած երկու տարիները մարտահրավերներով լի էին մեզ համար, սակայն պատերազմի և համավարակի հետևանքները հաղթահարելու հարցում մշտապես զգացել ենք Ֆրանսիայի Հանրապետության և հայ համայնքի աջակցությունը: Դրա վառ օրինակը պատերազմի, համավարակի օրերին Հայաստան ուղարկված հումանիտար, մասնագիտական և փորձագիտական օգնությունն էր»:
Նախարարը նշել է, որ խաղաղ պայմաններում հայ-ֆրանսիական գործակցությունը պետք է ուղղված լինի զարգացման ծրագրերի իրագործմանը և փորձի փոխանակմանը:
Գիտաժողովին ելույթով հանդես է եկել նաև Երևանի պետական բժշկական համալսարանի ռեկտոր Արմեն Մուրադյանը: «Ցավոք, այսօր քննարկում ենք ոչ թե բժշկագիտության ինովացիոն փոփոխություններ, այլ ինչպես կարողանանք օգնել արցախյան պատերազմից տուժած զինվորներին»,- ասել է Արմեն Մուրադյանը:
Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն իր խոսքում կարևորել է վերականգնողական բժշկության զարգացումը և կրթահետազոտական ծրագրերը. «Փարիզի համալսարանական հիվանդանոցների կենտրոնի մեր համագործակցության շրջանակներում հնարավոր կլինի կատարելագործել բժիշկների շարունակական վերապատրաստման գործընթացը, որի արդյունքում լիարժեք և ժամանակի հետ համընթաց կլինեն բժիշկ-մասնագետների կարողությունները»:
Հայաստանում ֆրանսիայի դեսպան Ան Լույոն իր խոսքում նշել է, որ այս գիտաժողովի ընթացքում նախանշվել են հայ-ֆրանսիական երկարաժամկետ համագործակցության հեռանկարները բժշկական ոլորտում։ «Մենք անպայման հաշվի կառնենք նաև վերապատրաստման ծրագրերի իրականացման անհրաժեշտությունը»,- ասել է դեսպանը:
Միջոցառման ավարտին առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը պատասխանել է լրագրողների հարցերին:
Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն