Տեսանյութը` Ա1+-ի
Այսօր կառավարության նիստի ընթացքում առողջապահության նախարարի աթոռը զբաղեցնող Անահիտ Ավանեսյանը հանրությանը «վախեցրեց» դելտա շտամի տարածման միտումներով և վարակվածության թվերի կտրուկ աճով։
Նա շեշտեց, որ անցյալ տարվա հահեմատությամբ այս տարի հիվանդացության նույն ցուցանիշի դեպքում հոսպիտալացման տոկոսը շատ ավելի ցածր էր, քան հիմա է։ Ավանեսյանը սա «բացատրեց» նրանով, որ պատվաստված քաղաքացիների թիվը ներկայումս խիստ նվազ են, քան իրենց ցանկալի ցուցանիշներն են։
Տիկին Անահիտ Ավանեսյանին տեղեկացնենք, որ անցյալ տարի այս ժամանակահատվածում Հայաստանում ընդհանրապես պատվաստված քաղաքացի չկար։ Հետևաբար` նույն ցուցանիշի պարագայում հոսպիտալիզացիայի, վերակենդանացման բաժանմունքում հայտնվելու և մահացության առավել բարձր ցուցանիշների առկայությունը ուղիղ համեմատական է պատվաստված անձանց թվին։
Ավանեսյանը նշեց, թե այսօր բժիշկները հիմնականում զբաղված են կորոնավիրուսով հիվանդների բուժմամբ։ Մինչդեռ, այս պնդումն իրականությանը չի համապատասխանում։ Հիվանդանոցները շարունակում են նույն ռեժիմով բոլոր քրոնիկ հիվանդություններով հիվանդների բուժումը, վիրահատությունների կատարումը, անհետաձգելի դեպքերի սպասարկումը։
Նախարարը փորձեց բացատրել, թե մահճակալային ֆոնդը հիմնականում զբաղեցնում են կորոնավիրուսով հիվանդները, սակայն, մոռացավ նշել, որ արդեն շուրջ երկու ամիս է, ինչ պետական պատվերով բուժումը հիվանդանոցներում դարձել է անհնարին` նախարարության անհեռատես ֆինանսական քաղաքականության պատճառով։ Ստացվում է, որ մարդիկ չեն կարողանում բուժում ստանալ պետպատվերով, բայց Ավանեսյանը, հերթական անգամ, փորձելով մոլորության մեջ գցել ամեն ինչից հոգնած հասարակությանը, մեղքը գցում է մի քանի նանոմետր մեծություն ունեցող կորոնավիրուսի վրա։
Ավանեսյանը չմոռացավ խոսել նաև բժիշկների պայքարի մասին, հորդորեց բոլորիս անել ամեն ինչ (հավանաբար` պատվաստվել)` բժիշկների պայքարն արդյունավետ դարձնելու համար։
Սակայն, տիկին նախարարը մոռացավ նշել, որ նույն այդ բժիշկներին սկզբում «պարտադրեցին» այս հիվանդներին բուժել Պլակվենիլով (հիդրօքսիքլորոքվին), որն իրականացվում էր ԱՀԿ-ի Solidarity կլինիկական փորձարկման շրջանակներում, և ԱՀԿ-ն դադարեցրեց փորձարկումը` դեղամիջոցից գրանցված բազմաթիվ մահերի պատճառով։
Իսկ հիմա նուն բժիշկներին «պարտադրում են» այս հիվանդներին բուժել իմունիտետը ընկճող դեղամիջոցներով (հորմոններ, ցիտոստատիկներ), հիվանդներին ջրազրկելով (առկա է նախարարության ուղեցույցում), ինչը, շատ բժիշկների գնահատմամբ, հանցագործություն է մարդու օրգանիզմի նկատմամբ։
«Փաստարկ» լրատվականին մոտ կանգնած աղբյուրները փոխանցեցին, որ շատ կորոնաբաժանմունքներում, այդ թվում նաև վերակենդանացման բաժանմունքներում, հիվանդներով զբաղվում են նորավարտ բժիշկները, ովքեր, չունենալով համապատասխան փորձառություն, ճիշտ ժամանակին կարող են ճիշտ չկողմնորոշվել և «գրանցել» անցանկալի արդյունք։
Իհարկե Անահիտ Ավանեսյանը չմոռացավ ասել, որ եթե մեր քաղաքացիները չպատվաստվեն, ապա իրենք ստիպված են լինելու գնալ նոր սահմանափակումների։
Թե ինչու է տիկին Ավանեսյանը հեռվից լուռ հետևում սեպտեմբերի 21-ին իր քաղաքական թիմի ղեկավար Նիկոլ Փաշինյանի և թուրքական ֆուռերով Հայաստանի Հանրապետության Հրապարակում կազմակերպվող գունագեղ և ուրախ բազմամարդ միջոցառմանը, մնում է ենթադրել։ Իսկ թե ինչ հակահամաճարակային միջոցառումներ են ձեռնարկվում իշխանության կազմակեպրած տոնակատարության ընթացքում` համավարակը սարսափելի ծավալների չհասցնելու համար, ՀՀ ԱՆ-ից մեզ խուսափեցին պատասխանել։
Անահիտ Ավանեսյանը խոսեց կորոնավիրուսի զոհերի մասին։ Տիկին Ավանեսյանին հիշեցնենք Աբովյանի տուբերկուլյոզի հիվանդանոցի նկուղում իրար վրա դարսած պատերազմի մեր զոհերի մարմինների մասին, որի համար, ի դեպ, տիկինն այդպես էլ ներողություն չխնդրեց։ Ի դեպ` լավ կլիներ, եթե տիկին նախարարը մեզ պատմեր, թե ինչու և ում է վաճառվում այդ հիվանդանոցը։
Իսկ թե ինչպես և ինչու է Անահիտ Ավանեսյանը փոխարինել Արսեն Թորոսյանին GAVI հիմնադրամում Հայաստանը և Հոնդուրասը համակարգելու համար, «դեռ ոչ ոք չգիտի»։
Ավելի մանրամասն` տեսանյութում։