Անգլիայում բենզինի հերթեր են. Մեծ Բրիտանիայի կառավարությունը փորձում է լուծել այս ճգնաժամը

Անգլիայում բենզալցակայանների առջև երկար հերթեր էին գոյացել այն բանից հետո, երբ առաջացել են վառելիքի մատակարարման խնդիրներ, իսկ սպառողները, խուճապի մատնված, փորձում են մեքենաների բաքերը լիքը պահել։ Այս մասին հայտնում է BBC-ն։

Որոշ բենզալցակայաններ փակ են, քանի-որ վառելիքը վերջացել է:

Իշխանություններն ասում են, թե  խնդիրն առաջացել է խուճապի մատնված վարորդների կողմից, այլ ոչ թե մատակարարման շղթայում խափանումների հետևանքով։

Սակայն, մատակարարող ընկերություններն այլ փաստեր են ներկայացնում։ Ճանապարհային տրանսպորտի ասոցիացիայի տվյալներով ՝ Մեծ Բրիտանիայում բեռնատար մեքենաների վարորդների  թիվը 100.000 -ով պակասել է: Նշվում է, որ մատակարարման դեֆիցիտի հետ կապված խնդիրները սրվել են կորոնավիրուսային համաճարակի, ինչպես նաև Եվրամիությունից Միացյալ Թագավորության դուրս գալու (Brexit) և ԵՄ այլ երկրներից որպես վարորդ աշխատանքի եկած մարդկանց թվի նվազման պատճառով:

Բեռնատար մեքենաների վարորդների պակասը երկրում սննդի և այլ ապրանքների, ինչպես նաև վառելիքի առաքման խափանում է առաջացրել: Մեծ Բրիտանիայի սուպերմարկետների խոշորագույն ցանցերից մեկը ՝ Tesco-ն, զգուշացրել է կառավարությանը, որ դատարկ դարակների պատճառով սպառողները կարող են խուճապի մատնվել Սուրբ Ծնունդից առաջ:

Բեռնատարի վարորդների խնդիրը լուծելու համար կառավարությունը մշակում է մի ծրագիր, որը թույլ կտա օտարերկրյա վարորդներին ժամանակավոր վիզա ստանալ` Մեծ Բրիտանիայում աշխատելու համար: Սպասվում է, որ ծրագրի մանրամասները կհրապարակվեն կիրակի օրը:

Այդ նպատակով ընդգծվում է, որ ներգաղթյալների մասին օրենքում կկատարվեն  ժամանակավոր փոփոխություններ։ 5000 մարդ, ով կաշխատեն որպես վարորդ, կկարողանա ստանալ ժամանակավոր վիզա:

Կառավարությունը հայտարարեց, որ նավթավերամշակման գործարաններում վառելիքի պակաս չկա և կոչ արեց խուճապի չմատնվել և անիմաստ գնումներ չկատարել։

Հաղորդվում է նաև, որ կառավարությունն աշխատում է ավելի երկարաժամկետ միջոցառումների վրա `ավելի շատ բեռնատարների վարորդներ պատրաստելու և վարորդական քննությունների արագացման համար:

BBC- ի քաղաքականության խմբագիր Վիկի Յանգն ասում է, որ ժամանակավոր վիզաների ռեժիմը ողջունելի չէ կաբինետում: Քանի որ Brexit-ից հետո ընկերություններին ասացին. «Դուք այլևս չեք կարող ապավինել էժան օտարերկրյա աշխատուժին, Դուք պետք է կենտրոնանաք երկրում աշխատուժի վրա, նրանց պատրաստեք, ավելի լավ աշխատավարձ վճարեք»: Ըստ Յանգի, ներգաղթի մասին օրենքների մեղմացումը թուլացնում է այդ հաղորդագրությունը և առաջ կբերի այլ ոլորտներում նմանատիպ պահանջների ձևավորում։

Sainsbury’s-ը, երկրի սուպերմարկետների մյուս խոշոր ցանցերից մեկը, հայտարարեց, որ բենզինի պահանջարկը «բարձր է» և հայտարարեց, որ ժամանակավորապես փակել է իր կայանների մի մասը։

BP-ն նշել է, որ 1200 բենզալցակայաններից 20-ը փակվել են։

EG Group-ը, որը շահագործում է 341 բենզալցակայան ամբողջ Միացյալ Թագավորությունում, հայտարարել է, որ սպառողների բարձր պահանջարկի պատճառով սահմանափակում է դրել վաճառվող վառելիքի վրա և մեկ մեքենային 30 ֆունտ ստեռլինգից ավելի բենզին չի վաճառում։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն