Ապագա կա, իսկ այդ ապագայում` յուրաքանչյուր պողպատե հպարտությամբ քաղաքացի արդեն ունի 3.500$-ի պարտք։ ՀՀ պետական պարտքը 4 ամսում նորից աճել է 681 մլն դոլարով

 

Հայաստանի պետական պարտքն ապրիլ ամսվա դրությամբ անցել է 8 մլրդ 650 միլիոն դոլարը՝ գերազանցելով Համախառն ներքին արդյունքի (ՀՆԱ)՝ օրենքով նախատեսված առավելագույն 60 տոկոսի շեմը։ Այն 2021թվականի 4 ամսվա ընթացքում ավելացել է 681 միլիոն դրամով։ Պետական պարտք վերցնելիս կառավարությունը պարտավոր էր հարկատուներին մանրամասն հաշվետվություն ներկայացնել, թե ինչի համար է վերցնում, ապա նաև` թե ինչպես այն ծախսվեց։ Սակայն, այսօր ՀՀ պողպատե հպարտությամբ քաղաքացիները նույնիսկ տեղյակ չեն, որ հենց իրենք են վճարելու այդ լրացուցիչ 681 մլն ԱՄՆ դոլարը։ Պարզապես այն իրենց գրպանի մտնելու փոխարեն մի կերպ տեղավորվում է ինչ-որ մեծահարուստի քսակում։

«Չնայած բազմաթիվ քննարկումներին, պարտքն իր անվանական ու հարաբերական մեծությամբ հատել է այն շեմը, որը մեր նման երկրների համար գնահատվում է որպես կառավարելի միջակայք։ Այդուհանդերձ, մենք շատ չենք խորացրել խնդիրները` պարտքի բնագավառում։ Եվ կարծում ենք, որ առաջիկա հինգ տարում մեր տնտեսական ծրագրերը հնարավորություն կտան տնտեսական աճի պոտենցիալը մեծացնել այն չափով, որ մեր պարտքի բեռը նվազի, և պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը վերադառնա 60 տոկոսից ցածր միջակայք»։
Սրանք ՀՀ ֆինանսների նախարար Ատոմ Ջանջուղազյանի խոսքերն են, որոնք ասվել են դեմքի կատարյալ խաղաղ ու անվրդով արտահայտությամբ` տպավորություն ստեղծելով, որ այդ հանգստության հետեւում դժվարությամբ թաքցվում է գոհունակության ժպիտը։ Ջանջուղազյանն ընդունում է, որ մենք ճգնաժամում ենք, բայց նաև արձանագրում է, որ շատ չենք խորացել։ Ընդ որում, նախարարը վստահ չէ, որ առաջիկա 5 տարում կկարողանան հասնել գոնե թույլատրելի շեմին։ Նա հստակ արձանագրում է`  ԿԱՐԾՈՒՄ Է։


Տնտեսագետ Թաթուլ Մանասերյանն էլ արձանագրում է, որ նախարարը նման հայտարարություն անելուց հետո պետք է հրաժարական ներկայացնի։ Տնտեսագետի խոսքով մենք հիմա ոչ թե անդունդի եզրին ենք, այլ անդունդում. «Նա ու իր թիմը պետք է հրաժարական տան, և ասպարեզ գան այնպիսի ուժեր, որոնք կարող են իրավիճակը հաղթահարել»,- եզրափակում է Մանասերյանը։

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն