Բաքուն բրիտանացիների համար ճանապարհ է խոստանում` Արցախում ոսկու արդյունահանում սկսելու համար

Ադրբեջանի կառավարությունը խոստացել է բրիտանական Anglo Asian Mining-ի համար ճանապարհ կառուցել Քելբաջարի շրջանի (հայկական Սոթք) հանքավայրում (հանքավայրի մի մասը գտնվում է Հայաստանի Գեղարքունիքի մարզում): Մինչ անցյալ տարվա աշնան 44-օրյա պատերազմը այն Արցախի Հանրապետության կազմում էր։ Հանքավայրը Արցախին մեծ եկամուտ էր բերում։

Սոթքի հանքավայրը Կովկասի ամենամեծ ոսկու և արծաթի հանքավայրն է և այժմ գտնվում է Հայաստանի ու Ադրբեջանի սահմանին: Մինչև 2020 թվականի աշունը հանքը մշակել է GeoProMining Investment ընկերությունը, որը պատկանում է ռուս գործարար Ռոման Տրոցենկոյին: Ընկերությունը ոսկու պաշարները գնահատել է ավելի քան 8 միլիոն ունցիա: 2020 թվականի տարեկան զեկույցում GPM-ը հայտնում է, որ Արցախի պատերազմից հետո նա կորցրել է հանքի մի մասի հասանելիությունը և շարունակում է մնացած մասի մշակման ծրագիրը:

Հայաստանում ենթադրվում է, որ Սոթքը հավասար ծավալներով գտնվում է անբաժան սահմանի երկու կողմերում: Սակայն, ինչպես արդեն գրում է բրիտանական Anglo Asian Mining-ը, պաշարների 75% -ը գտնվում է Ադրբեջանում:

Եթե 2019-ին GPM-ն իր ակտիվները Սոթքում իրավունքների և արտոնագրերի հետ միասին գնահատում էր 169 մլն դոլար, ապա 2020-ի վերջին `63,9 մլն դոլար:

Anglo Asian Mining-ը Ադրբեջանի կառավարության կողմից ունի Սոթքի արտոնագիր և հայտնում է, որ ներկայումս հանքավայրում հանքարդյունաբերություն չկա, քանի որ մուտքը սահմանափակ է։ Սակայն Բաքուն խոստանում է նրան օգնել:

«Տարածք մուտք գործելը բարդանում է նրանով, որ այն գտնվում է Քելբաջարի շրջանի հյուսիսում ՝ առանց ուղիղ տրանսպորտային ճանապարհի, իսկ լանդշաֆտը լեռնային է: Այնուամենայնիվ, Ադրբեջանի կառավարությունն առաջարկել է ճանապարհ կառուցել դեպի Քելբաջարի շրջան` ուղիղ մուտքի համար»,- իր կայքում հայտնում է British Anglo Asian Mining-ը։

Նա նշում է, որ իրեն են պատկանում նաև Արցախի Կիզբուլագի տարածքի իրավունքները, որտեղ գտնվում է Կաշենի պղնձամոլիբդենային հանքավայրը: Սակայն տարածաշրջանում կան ռուս խաղաղապահներ, որոնց ճակատագիրը հայտնի կդառնա Արցախի կարգավիճակի վերաբերյալ վերջնական որոշումից հետո, հայտնում է ընկերությունը: Նախկինում դաշտը մշակվել էր «Վալլեքս» խմբի Base Metals-ի կողմից, որն այնտեղ 130 մլն դոլարով կառուցել էր վերամշակման գործարան: Աշնանից աշխատանքները Կաշենում դադարեցվել են:

Նաև, Anglo Asian Mining-ը, Ադրբեջանի կառավարությունից իրավունք է ստացել Զանգելանի շրջանում գտնվող Վեժնալի ոսկու հանքավայրի նկատմամբ, որը գտնվում էր Արցախի Հանրապետության վերահսկողության ներքո:

«Հաշվի առնելով ռազմական գործողությունների արդյունքում հողերի կորստի հետևանքով առաջացած խնդիրները, Արցախի կառավարությունը չի կարողանա եկամուտներ ապահովել բյուջետային կարիքները հոգալու համար ոչ միայն այս տարի, այլ նաև առաջիկա տարիներին: Իմ հաշվարկներով ՝ Արցախում հարկերի հավաքագրումները կկրճատվեն 40 միլիարդ դրամով (80 միլիոն դոլար) կամ 65 տոկոսով» — Eurasianet-ին ասել է տնտեսագետ Սուրեն Պարսյանը: 2019 թվականին, ըստ վիճակագրական ծառայության, հանքարդյունաբերությունն ապահովում էր Արցախի ՀՆԱ-ի 13%-ը և հարկային եկամուտների ամենամեծ աղբյուրն էր, գրում է թերթը:

Միեւնույն ժամանակ, Ադրբեջանի իշխանություններն այժմ փոխհատուցում են պահանջում:

«Ինչպես գիտեք, օտարերկրյա ընկերությունները երկար տարիներ անօրինական կերպով շահագործում են մեր ոսկու և այլ հանքավայրերը: Սա հանցագործություն է, և ես դրա մասին արդեն խոսել եմ: Ուզում եմ կրկնել, որ այդ ընկերություններն ունեն երկու տարբերակ ՝ կա՛մ մեզ փոխհատուցում կվճարեն, կա՛մ կընդունեն մեր պայմանները, կա՛մ մեկ այլընտրանք` այս հարցը լուծել իրավական հիմքերով»,- հուլիսին ասել էր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը: Նա հավելել է, որ Զանգելանի և Քելբաջարի շրջաններում ոսկու հանքավայրերը վերլուծվել են միջազգային խորհրդատուների կողմից:

Ինչպես հաղորդում է EADaily-ն, բրիտանական Anglo Asian Mining-ը զբաղվում է ոսկու, պղնձի և արծաթի արդյունահանմամբ և դրա հիմնական ակտիվները գտնվում են Ադրբեջանում, որտեղ նա երկու հանքերից ոսկի է արդյունահանում: Տարվա առաջին կիսամյակում ընկերությունն արտադրել է 24,2 հազար ունցիա ոսկի:

Anglo Asian Mining-ի երկրորդ խոշոր սեփականատերը և տնօրենների խորհրդի անդամը Ջոն Սունունուն է: Նրան է պատկանում արժեթղթերի 9%-ը: Ջոն Սունունուն Ջորջ Բուշի օրոք Սպիտակ տան ղեկավարն էր, իսկ նախկինում վեց տարի զբաղեցրել էր Նյու Հեմփշիրի նահանգապետի պաշտոնը: Սունունուի մեկ որդին ՝ Ջոնը, այժմ ԱՄՆ սենատոր է, իսկ մյուսը ՝ Քրիսը, նոր է վերընտրվել Նյու Հեմփշիրի նահանգապետ՝ երկրորդ ժամկետով:

1991 թվականին, երբ Ջոն Սունունուն դեռ Սպիտակ տան աշխատակազմի ղեկավարն էր, The Washington Post-ը բարձրաստիճան պաշտոնյայի անվանեց «Air Sununu» ՝ Պենտագոնի ինքնաթիռներն անձնական թռիչքների նպատակով օգտագործելու համար , որով նա գնում էր դահուկ քշելու կամ ատամնաբույժի մոտ։

Հոկտեմբերին, մինչ Արցախում մարտերը շարունակվում էին, Anglo Asian Mining-ը աղմկահարույց պատմության մեջ ընկավ, քանի որ հայտարարեց, որ ընկերությունն անմիջապես կսկսի աշխատանքները, հենց Արցախում ստեղծվի անվտանգ միջավայր։

Ցավալի է, որ Լոնդոնում գրանցված ընկերությունը մամուլի հաղորդագրություն է տարածում ՝ տոնելով հողերի «ազատագրումը» և նախատեսում է առևտրային օգուտներ քաղել դրանից: Մենք համոզված ենք, որ Anglo Asian Mining-ն օգտվում է պատերազմից, որպեսզի շահագործի անկայուն տարածաշրջանի հանքերը` իր ներդրողների համար առավելագույն եկամուտով և առանց մտածելու, թե ինչպես է հակամարտությունն ազդում խաղաղ բնակչության վրա։ Ամոթ է !»,- հայտարարել է «Մեծ Բրիտանիայի Հայ դատի հանձնախումբը։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն