Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները հայտնի են. «Sputnik Արմենիա»

Հայտնի են Բաքվից Երևան վերադարձող հայ 2 ռազմագերիների անունները։ Sputnik Արմենիայի տեղեկություններով՝ Հայաստան են վերադառնում Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Թորոսյանը։

Նրանց հայրենիք վերադարձնելու համար Ադրբեջան է մեկնել Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար, գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։ Ըստ տեղեկությունների՝ գերիներին տեղափոխող ռազմական ինքնաթիռն արդեն Բաքվից ճանապարհվել է Երևան, շուտով վայրէջք կկատարի «Էրեբունի» օդանավակայանում։ Ի դեպ, վերադարձող 2 գերիները հուլիսի 14-ին Սև լճի տարածքից անհետացած զինծառայողներն էին։ Այդ օրը տեղեկություն տարածվեց, որ Սյունիքի մարզի Սև լճի տարածքում 2 հայ զինվորականներ են անհետացել։ Տեղեկությունն ավելի ուշ հաստատեց նաև ՀՀ պաշտպանության նախարարությունը։

Հաղորդագրության մեջ նշվում էր, որ զինծառայող Արթուր Նալբանդյանն ու վարորդ Արամայիս Թորոսյանը ՀՀ հարավարևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈւ N զորամասից են։ Նրանց հետ կապը կորել է հուլիսի 14-ի լուսադեմին, երբ մառախուղ է եղել, իսկ զինծառայողներն ամրակցված զինվորական ավտոմեքենայով ծառայողական պարտականություններ են կատարել։ Ըստ ՊՆ-ի՝ Արթուր Նալբանդյանն ու Արամայիս Տոռոզյանը եղել են առանց զենքի։

Երեկ ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանն ընդունել էր ռուսական խաղաղապահ զորակազմի հրամանատար Ռուստամ Մուրադովին, ով իր առաքելությունն ավարտում է Արցախում։ Ըստ տեղեկությունների՝ նախարարի հետ հանդիպումից հետո գեներալ-լեյտենանտը մեկնել էր Բաքու։

Ռազմագերիների վերջին խումբը Հայաստան էր վերադարձել հուլիսի 3-ին։ Դրանից հետո գործընթացը կանգ էր առել։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն