ԲՈԼՈՐԻԴ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն. պաշտպանության նախարար

Օգոստոսի 7-ին ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը երրորդ զորամիավորման ղեկավար կազմին և ենթակա ստորաբաժանումներին է ներկայացրել զորամիավորման նորանշանակ հրամանատար, գնդապետ Ալեքսանդր Ցականյանին։

Պաշտպանական գերատեսչության ղեկավարը բարձր է գնահատել գնդապետ Ցականյանի ավանդը բանակաշինության և հայրենիքի պաշտպանության գործում` համոզմունք հայտնելով, որ զորամիավորումը, նորանշանակ հրամանատարի գլխավորությամբ, լիարժեք կկատարի իր առջև դրված խնդիրները։ Նախարար Կարապետյանը միաժամանակ խստորեն հրահանգել է կասեցնել Հայաստանի սահմանը հատելու` հակառակորդի բոլոր փորձերը:

«Հակառակորդը չպետք է մտածի` ներթափանցել մեր տարածք։ Դրա համար կորպուսի հրամանատարը, զորամասերի հրամանատարները, ստորաբաժանումների հրամանատարները` սկսած դիրքի հրամանատարից, ունեն բոլոր իրավունքները կիրառել բոլոր միջոցները` մեր սահմանները պաշտպանելու նպատակով։

Միևնույն ժամանակ, մենք  չենք ուզում սրացումներ ոչ մի ուղղության վրա։ Բայց եթե փորձեցին ներթափանցել մեր տարածք, ԵՍ ԲՈԼՈՐԻԴ ՀՐԱՄԱՅՈՒՄ ԵՄ կիրառել բոլոր միջոցները, որ այդ միտումները հաջողության չհասնեն»,- այսօր երրորդ բանակային կորպուսում ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը։

Աշխատանքային այցի ընթացքում Արշակ Կարապետյանը եղել է նաև զորամիավորման ենթակա զորամասերում, ծաղիկներ խոնարհել արցախյան վերջին պատերազմում զոհված զինծառայողների հիշատակը հավերժացնող հուշակոթողին, ինչպես նաև ծանոթացել ստորաբաժանումների ուսումնական և սոցիալ-կենցաղային պայմաններին: Պաշտպանական գերատեսչության ղեկավարը հանձնարարել է սեղմ ժամկետներում շտկել իր կողմից արձանագրված բոլոր թերություններն ու բացթողումները։

Անձնակազմի մարտական պատրաստակամությունը ստուգելու համար՝ զորամիավորման տանկային և հրետանային ստորաբաժանումներին հայտարարվել է «տագնապ»:

Այցի ավարտին նախարար Կարապետյանը 44-օրյա պատերազմի մասնակից մի շարք զինծառայողների պարգևատրել է արժեքավոր նվերներով, վերադաս ղեկավարներին հանձնարարել առավել աչքի ընկած զինծառայողներին ներկայացնել պարգևատրման` գերատեսչական մեդալներով։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն