«Ցուգունե» մուրճը Աբովյանի գլխին

Ըստ կառավարությաան կողմից շրջանառության մեջ դրված նոր նախագծի՝ խոշորացված համայնք կդառնա նաև Աբովյանը։ Այն կներառի 11 համայնք՝ Առինջ, Արամուս, Բալահովիտ, Գեղաշեն, Գետարգել, Կաթնաղբյուր, Կամարիս, Մայակովսկի, Պտղնի և Վերին Պտղնի գյուղերը։

Ըստ «Փաստարկ» լրատվականի աղբյուրի` Աբովյան խոշորացված համայնքի ղեկավարի թեկնածուն Պավել Ցուգունյանն է, որ փողկապակցված է ներկայիս շրջակա միջավայրի նախարար և Կոտայքի նախկին մարզպետ Ռոմանոս Պետրոսյանի հետ։ Ցուգունյանը Պետրոսյանի կնոջ ազգականն է, ով հայտնի է «Պաշ» մականվամբ։

2018 թվականի իշխանափոխությունից հետո Ցուգունյանը զբաղեցրել է մի շարք պաշտոններ։ Նախ նա նշանակվեց մարզպետի օգնական, ապա Կոտայքի մարզի ՋՕԸ տնօրեն։ 2020 թվականի սեպտեմբերից Ցուգունյանը նշանակվել է «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի պաշտոնակատար։ Այս պաշտոնին հավակնելու համար կրկին չափանիշները նվազեցրին և հասցրեցին «ցուգունյանական» մակարդակի։

Շրջակա միջավայրի նախարարության Անտառային կոմիտեն փետրվարի 17-ին հայտարարել էր կոմիտեի համակարգում գործող «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, որը պետք է կայանար ապրիլի 6-ին:

Մրցույթին մասնակցելու համար թեկնածուն պետք է ունենար հանրային ծառայության առնվազն հինգ տարվա մասնագիտական աշխատանքային ստաժ կամ համապատասխան բնագավառի երեք տարվա աշխատանքային ստաժ: Իր պարտականությունների կատարման համար անհրաժեշտ իրավական ակտերի իմացություն, աշխատանքի կազմակերպման և ղեկավարման անհրաժեշտ հմտություն և այլն: Սակայն Շրջակա միջավայրի նախարարության անտառային կոմիտեի պաշտոնական էջից տեղեկանում ենք, որ հայտարարված մրցույթի գործընթացը դադարեցվել է. «Անտառային կոմիտեի նախագահի 2021 թվականի փետրվարի 17-ի «Հայանտառ» պետական ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ անցկացնելու և մրցույթի պայմանները հաստատելու մասին» N 08-Լ հրամանի համաձայն Անտառային կոմիտեի կողմից հայտարարված «Հայանտառ» ՊՈԱԿ-ի տնօրենի թափուր պաշտոնի համար նախատեսված մրցույթի գործընթացը դադարեցվել է՝ հիմք ընդունելով «Պետական ոչ առևտրային կազմակերպությունների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասի պահանջները»։

Ըստ այս կետի՝ գործադիր մարմնի ղեկավարի պաշտոնում կարող է նշանակվել Հայաստանի Հանրապետության այն գործունակ, չափահաս քաղաքացին, ով ունի բարձրագույն կրթություն: Հենց այս չափանիշով է Ցուգունյանը նշանակվեց ՊՈԱԿ-ի տնօրեն։

Խոշորացված համայնքի ղեկավարի պաշտոնը ստանձնելու համար էլ ցուգունյանական մակարդակին խանգարում է Աբովյանի գործող քաղաքապետ Վահագն Գևորգյանը, ով պաշտոնավարում է 2015 թվականից։ Բայց Ռոմանոս Պետրոսյանը և Սուրեն Պապիկյանը ամեն ինչ անում են, որ գործող քաղաքապետը չառաջադրվի։ Աղբյուրի փոխանցմամբ նրանք ճնշում են գործադրում Գևորգյանի վրա քանի որ ՔՊ-ականներն լուրջ մտահոգություններ ունեն, որ 2019-ի սցենարը կարող է նորից կրկնվել և Գևորգյանը կարող է կրկին հաղթել։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն