Էրդողանն «ավետում է» Թուրքիայի և ԱՄՆ-ի հարաբերությունների նոր դարաշրջան մուտք գործելու մասին

Թուրքիայի նախագահ Էրդողանը երկուշաբթի հայտարարել է, որ Թուրքիան և ԱՄՆ-ն մտնում են հարաբերությունների նոր դարաշրջան։ Կառավարությունում ելույթ ունենալուց հետո Էրդողանը, սակայն, կոչ է արել ԱՄՆ-ին՝ հարգել Թուրքիայի ինքնիշխանության իրավունքը՝ վկայաբերելով ռուսական С-400 զենիթահրթիռային համալիրների ձեռքբերման Թուրքիայի որոշումը, ինչպես նաև Սիրիայում քրդական խմբավորումների դեմ պայքարը, որը Թուրքիայում գնահատում են որպես «հակաահաբեկչական գործողություն»։ Այդ մասին տեղեկացնում է Associated Press (АР) գործակալությունը։

«Մեր կարծիքով՝ Միացյալ Նահանգների հետ նոր դարաշրջանի դռներ ենք բացել՝ դրական և կառուցողական հիմքով: Թուրքիայի եզակի պահանջն այն է, որ բոլորը հարգեն իր քաղաքական և տնտեսական ինքնիշխանության իրավունքները, աջակցություն ցուցաբերեն այն պայքարին, որը նա մղում է ահաբեկչական կազմակերպությունների դեմ՝ իր երկրի ներսում և իր սահմաններից դուրս»,- նշել է  Էրդողանը:

Փաստորեն՝ Թուրքիայի ղեկավարն այս հայտարարությունն արել է Բրյուսելում` ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, հունիսի 14-ին ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի հետ իր առաջին անձնական հանդիպումից ուղիղ մեկ շաբաթ անց: Էրդողանը բավական խորամանկ դիվանագիտությամբ փորձում է վերականգնել հարաբերությունները Միացյալ Նահանգների և Արևմուտքի այլ գործընկերների հետ, քանի որ նրա կառավարությունը տնտեսական լուրջ անկում է ապրում, իսկ երկրում սրվում է Covid-19 համաճարակի հետ կապված իրավիճակը:

«Մենք հավատում ենք, որ ժամանակի ընթացքում կկարգավորենք մեր միջև առկա խնդիրները՝ ելնելով մեր փոխադարձ ընկալումներից և ակնկալիքներից։ Մենք պայմանավորվածություն ենք ձեռք բերել Բայդենի հետ և եկել այն համոզման, որ չկա այնպիսի խնդիր, որը մենք չկարողանանք լուծել»,- ընդգծել է Թուրքիո նախագահը։

Հիշեցնենք, որ հունիսի 17-ին Թուրքիայի նախագահը լրատվամիջոցների ներկայացուցիչների հետ հանդիպման ընթացքում հայտարարել էր, որ իր ամերիկացի գործընկերոջ հետ հանդիպման ընթացքում ինքը զգուշացրել է Ռուսաստանից գնված С-400-ի հարցում Անկարայի դիրքորոշման անփոփոխ լինելու մասին: Բայդենի հետ բանակցությունների ընթացքում Էրդողանն ասել է, որ Անկարան մտադիր չէ փոխել իր դիրքորոշումը հինգերորդ սերնդի F-35 ինքնաթիռների ծրագրի, ինչպես նաև S-400 հակաօդային պաշտպանության համակարգի հարցերում:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն