Իրանի կարծիքը «Զանգեզուրի միջանցքի» բացման շուրջ

Ադրբեջանում Իրանի դեսպան Աբբաս Մուսավին ադրբեջանական ընդդիմադիր՝ Turan նորությունների կայքէջի հարցազրույցում ընդգծել է, որ Թեհրանը ողջունում է «3 + 3» տարածաշրջանային համագործակցությունը և այն ողջամիտ նախաձեռնություն է համարում։

Ինչպես արդեն հայտնել էինք` Շուշիի հռչակագիրը ստորագրելուց հետո Էրդողանը հայտարարել էր Հարավային Կովկասում վեցնյակի հարթակ ստեղծելու մասին, որտեղ ներառվել են Ռուսաստանը, Թուրքիան, Իրանը, Ադրբեջանը, Վրաստանը, ցանկության դեպքում՝ նաև Հայաստանը։

Պատասխանելով «Զանգեզուրի միջանցքի» բացմանը վերաբերող հարցին՝Մուսավին նշել է, որ դա հակասում է Իրանի շահերին։

«Իրանում կարող են լինել տարբեր կարծիքներ։ Գերագույն առաջնորդի հայտարարությունում պարզ ասվում է, որ Իրանը դեմ է սահմանների փոփոխությանը և ոչ թե՝ միջանցքին։ Չեմ կարծում, որ տարածաշրջանում որևէ մեկը կողմ է սահմանների բռնի փոփոխությանը։ Մենք ցանկացած միջանցքների, ցանկացած երթուղիների կողմ ենք, սակայն դեմ ենք սահմանների փոփոխությանը։ Միջանցքի բացումը Ադրբեջանի և Հայաստանի գործն է։ Ռազմական ճանապարհով սահմանների փոփոխությունը կխաթարի կայունությունը տարածաշրջանում:

Երկաթուղային հաղորդակցության վերաբացման մասին նախագահ Ալիևի առաջարկը տարածաշրջանում կնպաստի Հայաստանի և Ադրբեջանի միջև համագործակցության վերսկսմանը, և դա շահեկան է տարածաշրջանի համար: Ռուսաստանը, Թուրքիան և Իրանը, պետք է անեն հնարավորը ՝ երկաթուղիների, մայրուղիների և այլ հաղորդակցությունների բացմանը նպաստելու համար»,- ասել է Իրանի դիվանագետը

Նկատենք, որ Երեւանը պատրաստ է ապաշրջափակել տրանսպորտային հաղորդակցությունը՝ համաձայն եռակողմ հայտարարության, որը թվագրված է 2020 թվականի նոյեմբերի 9-ին, բայց Ադրբեջանը համառում է միջանցքի հարցում, ինչը ենթադրում է Հայաստանի տարածքի հարավային հատվածի փոխանցում Ադրբեջանի վերահսկողության տակ։

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն