Երեկ Մոսկվայում հանդիպել են երեք երկրների ռազմական ղեկավարության ներկայացուցիչները, բայց պաշտոնական հայտարարություն չի արվել

Մոսկվայում հունիսի 2-ի երեկոյան կայացել է եռակողմ խորհրդակցություն՝ Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի մասնակցությամբ։ Հանդիպմանը քննարկվել են անդրկովկասյան երկու հանրապետությունների սահմանի առանձին տեղամասերում լարվածության վերացմանն ուղղված հարցեր։

РИА Новости-ի փոխանցմամբ կողմերը համաձայնության են եկել՝ շարունակելու շփումները։ Եռակողմ ձևաչափով հանդիպման մասին պաշտոնական հաստատումներ դեռևս չկան։ Ավելի վաղ՝ ԶԼՄ-ներում տարածվեց ծանուցում այն մասին, որ Ռուսաստանի մայրաքաղաքում պետք է խորհրդակցություններ անցկացվեն հայ-ադրբեջանական սահմանին՝ լարվածությունը թոթափելու նպատակով։ Հայաստանի կողմից խորհրդակցությանը մասնակցում են Գլխավոր շտաբի պետի տեղակալ Արշակ Կարապետյանը և սահմանային զորքերի շտաբի պետ Արման Գասպարյանը։ Ադրբեջանական կողմից խորհրդակցությանը մասնակցում է արտաքին հետախուզության ծառայության պետ Օրհան Սուլթանովը։ Ռուսաստանը ներկայացնում է Լեռնային Ղարաբաղում խաղաղապահ զորակազմի հրամանատար՝ գեներալ-լեյտենանտ Ռուստամ Մուրադովը։

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն