Իրանը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը ՄԱԿ-ում զրկվել են ձայնի իրավունքից

Իրանը և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը զրկվել են ձայնի իրավունքից՝ 2 տարվա ընթացքում կազմակերպության բյուջեում կանոնավոր վճարը չմուծելու պատճառով։ Այդ մասին ասվում է ՄԱԿ-ի Գլխավոր վեհաժողովի 75-րդ նստաշրջանի նախագահ Վոլկանո Բոզկիրուի նամակում, որն ուղղված էր ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշին։

«Ներկայումս 5 պետություն-անդամ ընկնում է ՄԱԿ-ի կանոնադրության 19 հոդվածի տակ»,- նշվում է փաստաթղթում։

Համաձայն այս հոդվածի՝ «կազմակերպության անդամը, ով կազմակերպությանը դրամական վճարների պարտք է ունենում՝ Գլխավոր վեհաժողովում ձայնի իրավունք չունի, եթե նրա պարտքի չափը հավասար է կամ գերազանցում է նախորդ երկու ամբողջական տարիների վճարվելիք չափին»։

Բացի Իրանից և Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունից՝ անդամության վճարները չեն մուտքագրել նաև Կոմորյան Կղզիները, Սոմալին, Սան Տոմե և Պրինսիպին։ Սակայն նամակում ընդգծվում է, որ այս 3 պետությունները ձայնի իրավունքը պահպանում են մինչև 75-րդ նստաշրջանի ավարտը։

ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե կատարվող մուծումները հիմնված են 10 տարվա ընթացքում երկրի միջին ՀՆԱ-ի ցուցիչների վրա և հաշվի է առնվում մեկ շնչին ընկնող եկամուտն ու արտաքին պարտքը:

Գլխավոր վեհաժողովը կարող է թույլատրել ՄԱԿ-ի անդամ պետությանը քվեարկել «եթե ընդունի, որ վճարման հետաձգումը տեղի է ունեցել իր կամքից անկախ հանգամանքների պատճառով»: Նաև ընտրելու իրավունքն ինքնին վերականգնվում է պարտքը մարելուց հետո: Գլխավոր քարտուղարի նամակի համաձայն՝ ընտրելու իրավունքը վերականգնելու համար Իրանը պետք է 16.251.298 ԱՄՆ դոլար մուտքագրի կազմակերպության բյուջե, իսկ Կենտրոնական Աֆրիկյան Հանրապետությունը՝ 29.395 ԱՄՆ դոլար։ Ռուսաստանն այս տարվա ապրիլին ՄԱԿ-ի կանոնավոր բյուջե է մուտքագրել 86,5 միլիոն դոլար:

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն