Եթե երկու հոգի մոլորվում են, էս իշխանություններն են մեղավո՞ր.Գագիկ Մելքոնյան

Գորիս-Կապան ճանապարհի վերաբերյալ խնդիրը հիմնականում պարսկական մեքենաների հետ է կապված, իսկ եթե երկու հոգի մոլորվում են, գնում են ինչ-որ մի տեղ անցնում են, էս իշխանություններն են մեղավո՞ր։ Այս մասին քիչ առաջ Եռաբլուրում, լրագրողների հետ զրույցում, ասաց ՔՊ-ական պատգամավոր Գագիկ Մելքոնյանը:

Այսօր նշվում է «Հատուկ գնդի» կազմավորման 31-րդ ամյակը։
Սա ասում է մի մարդ, ով երկար տարիներ աշխատել է պաշտպանության ոլորտում, կրում է սպայի ուսադիրներ և գոնե մի քիչ տեղյակ պիտի լիներ զինվորական գործի նրբություններին: Պարոն Մոլքոնյանը հավանաբար մոռացել է, որ հրապարակվել է անհետ կորածների վերջին խոսակցության հատվածը, որտեղ նրանք ասում են «Արա, սրանք մեզ կանգնեցրին»:

Այս արտահայտությունից պարզ է դառնում, որ նրանք չեն մոլորվել, նրանց կանգնեցրել են ադրբեջանական ոստիկանները: Դե իհարկե, Նիկոլ Փաշինյանի հայտարարությունից հետո բոլոր ՔՊ-ականները միաբերան ասում են, որ Գորիս-Կապան ճանապարհը ադրբեջանական է և իրենք իրենց տարածքում ինչ ուզեն կանեն:

ԲԱՅՑ, կա մի շատ կարևոր օրենքի դրույթ, օրվա իշխանության պարտականություն, որի մասին այսօրվա իշխանությունը մոռացել է կամ  երբեք էլ չի իմացել դրա մասին: Դո՛ւք՝ ընտրված իշխանությունդ, պարտավոր եք լինել յուրաքանչյուր ՀՀ քաղաքացու անվտանգության երաշխավորը: Դուք՝ պարոն Մելքոնյա՛ն, խորհրդարանական երկրի Խորհրադարանի Պաշտպանության հանձնաժողովի անդամ եք, Ձեզ՝ Ձեր պարտականությունների մասին պետք է տեղյակ պահած լինեին:

Չնայած, զարմանալի չէ։ Ժամանակին, երբ զբաղեցրել եք զինված ուժերի թիկունքի պետի պաշտոնը, Ձեր աշխատանքին նույն կերպ եք վերաբերվել։ Դրա համար էլ ներկայիս ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ծառայության ընթացքում սոված է մնացել, զինվորներն իրար ձեռքից ճանկռտելով կոնֆետ են փախցրել` ըստ ձեր վարչապետի, թեև այդ տարիներին ծառայածների «ողջույնները երևի լսել եք»: Այնուամենայնիվ, ստելը, հատկապես գեներալ- լեյտենանտի համար, պատվաբեր չէ, իսկ սխալն ընդունելը, հետևանքների պատասխանատվություն վերցնելը՝ տղամարդկային հատկանիշ է…

Այնուհետև Մելքոնյանը շարունակել է. «Իրենք հիմա հետ են եկել ու փաստացի կան չէ՞ այդ մարդիկ։ Դե թող ասեն ՝ մեզ գողացել են, մեզ առևանգել են և այլն»։ Այո՛, կան, բայց ինչո՞ւ դեռ այդ մասին չեն խոսել: Դուք հակառակը լսե՞լ եք, թե…

Ավելի վաղ Ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն էր տարածել այն մասին, որ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել են մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Կեսգիշերին մոտ հայտնի էր դարձել, որ ադրբեջանական կողմը վերադարձրել է նրանց, իսկ մինչ վերադարձնելը հայտնի էր դարձել անհետ կորածների վերջին խոսակցությունը, որտեղ նրանք ասել էին ՝ «Արա, սրանք մեզ կանգնեցրին»:

 

 

Կիսվել գրառումով՝

Թողնել մեկնաբանություն